ՏՄՊՊՀ-ն դեղորայքի գնման հետ կապված խախտումներ է հայտնաբերել

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 12 բուժհաստատությունների եւ դեղերի առքուվաճառքով զբաղվող 15 ընկերությունների դեմ վարչական վարույթ է հարուցել` հավասար մրցակցության ոլորտի օրենսդրությունը խախտելու համար:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՏՄՊՊՀ-ի մամլո քարտուղար Գայանե Սահակյանը, երբ հստակեցվի օրինախախտ բուժհաստատությունների ու դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունների թույլ տված իրավախախտումների բնույթն ու չափերը, հանձնաժողովը կդիմի գլխավոր դատախազություն: Հանձնաժողովը իրավախախտումների բնույթն ու չափերը կհստակեցնի եռամսյա ժամկետում, ըստ այդմ սահմանելով 27 ընկերությունների նկատմամբ պատժաչափեր:

Օրինախախտ բուժհաստատությունները օրենքով նախատեսված մրցույթներ չեն անցկացրել, փոխարենն, առանց մրցույթի, իրենք են որոշել, թե պետական բյուջեից իրենց տրամադրվող գումարով ումից կարելի է դեղ գնել: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի ներկայացմամբ, երբեմն բուժհաստատությունների ղեկավարները դեղորայքն ու բժշկական պարագաները ձեռք են բերում իրենց իսկ պատկանող ընկերություններից:

12 օրինախախտ բուժհաստատությունների մեջ են Երեւանի երեք բուժհաստատություններ («Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնն ու «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնը) եւ մի քանի քաղաքների հիվանդանոցներ: Հանձնաժողովն ընդհանուր առմամբ ուսումնասիրել է 134 բուժհաստատությունները: Դրանցից 109-ի, այսինքն, ավելի քան 83 տոկոսի մոտ հայտնաբերվել են մրցույթ չհայտարարելու հետ կապված խախտումներ: 66 բուժհաստատություններ ընդհանրապես մրցույթ չեն հայտարարել: Արդյունքում, ըստ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների, օրինախախտ բուժհաստատությունները դեղորայք վաճառող օրինախախտ ընկերություններից դեղերը ձեռք են բերում շուկայականից ավելի թանկ գնով:

Հանձնաժողովի աշխատակից Մանուկ Միքայելյանը, ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, ասաց, որ, օրինակ, մրցույթ չհայտարարելու արդյունքում որոշ բուժհաստատությունները 200 դրամ արժեցող դեղորայքը ձեռք են բերել 1250 դրամով` մոտ 500 տոկոսով թանկ գնով:

Տնտեսագետ Սամվել Ավագյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առողջապահական ոլորտի ընկերությունների արարքը որակում է կոռուպցիա, ինչը, նրա խոսքով, պետական միջոցների հաշվին անձնական շահ ստանալու նպատակ ունի: Ավագյանը կարծում է, որ եթե մեղավորները պատժվեն նաեւ սեփական գրպանից խոշոր տուգանքներ վճարելով կամ էլ նկատողություն ստանան վերադասի կողմից եւ կորցնեն իրենց բարի համբավը, ապա նման երեւույթները կնվազեն: Խախտումներ թույլ տալու պատճառներից մեկն էլ, ըստ Ավագյանի, այն է, որ պետպատվերով նախատեսված բուժծառայությունների գները սովորաբար ցածր են շուկայական գներից:

«Որովհետեւ բյուջեում համապատասխան ռեսուրսներ չկան, իսկ դա ստիպում է բուժհաստատություններին լրացուցիչ գումարներ կորզել հիվանդներից եւ այլ ուղություններով փոխհատուցել իրենց «վնասը», որոնք իրենք կրում են պետության հետ պետպատվերի հարաբերություններում», - ասաց տնտեսագետը:

Ավագյանն ասում է` եթե որոշեն առողջապահական ոլորտի իրավախախտներին քրեական պատասխանատվության ենթարկել, ապա նրանց կեսը կհայտնվեն բանտերում:

«Առողջապահական հիմնարկների վարչական ապարատների կեսից ավելին պետք է բանտում լինեն, որովհետեւ համակարգում միջոցները անարդյունավետ ծախսելը ուղղակի խորը ավանդույթներ ունի», - ասաց նա:

Օրինախախտ բուժհաստատությունների ու դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունների թիվը հնարավոր է առաջիկայում ավելանա, քանի որ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել:

Your browser doesn’t support HTML5

ՏՄՊՊՀ-ն դեղորայքի գնման հետ կապված խախտումներ է հայտնաբերել