Փետրվարի 21-ի մամուլ

Անդրադառնալով Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրմանը` «Երկիր»-ը գրում է. - «Երբ իշխանությունը համաձայնության չի գնում ամբողջ քաղաքական դաշտում այս կամ այն հարցում ձեւավորված միասնական դիրքրոշման հարցում, մեծ ճիգով կարելի է համարել, թե քաղաքական սկզբունքայնություն է հանդես բերում: Բայց երբ նույնպիսի վերաբերմունք է արտահայտվում հասարակական` հստակ ձեւակերպված պահանջների նկատմամբ, պարզ է դառնում, որ գործ ունենք անսխալականության սինդրոմով տառապելու եւ սահմաններ չճանաչող մարտնչող պնդաճակատության հետ: Հասարակական ավելի ու ավելի լայն ընդգրկում ստացող, յուրօրինակ ինքնաբուխ շարժման վերածվող` Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ սկսված քաղաքացիական ընդվզումը բացահայտորեն արհամարհելն այլեւս պարզ է դարձնում, որ իշխանությունը կորցրել է իրականության զգացողությունը, իր դերի պատկերացումը, հասարակության առջեւ սեփական որոշումների, վարքագծի, գործողությունների համար հաշվետու լինելու պարտավորության գիտակցումը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. - «Շաբաթ օրը կայացած ԵԿՄ համագումարի ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, թե ԵԿՄ-ն սատարում է Սերժ Սարգսյանին»: Համագումարի օրը նախագահություն նստած ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ Արթուր Աղաբեկյանին լրագրողը հարց է ուղղել. - «Արդյո՞ք դաշնակցականները եւս սատարում են Սերժ Սարգսյանին»: «Ես Դաշնակցության շարքերում եմ 89 թվից եւ առ այսօր հավատարիմ եմ մնացել Դաշնակցության կանոնադրությանն ու ծրագրերին: ՀՅԴ Գերագույն մարմնի ցանկացած որոշում հաճույքով կյանքի եմ կոչել», - ասել է Արթուր Աղաբեկյանը: - «ԵԿՄ-ն մեծ կառույց է, եւ ԵԿՄ անդամ են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Երկրապահ կամավորականների միության հայտարարությունը քննարկվել է մինչեւ համագումար հրավիրելը, եւ այդ ժամանակ ձայների մեծամասնությամբ որոշվել էր նման որոշում: Բայց ասեմ` ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, որի անդամները ազատ են իրենց որոշումներում»:

«168 ժամ»-ը «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին հարցնում է. -«Ի՞նչ փուլում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ Ձեր քննարկումները: Եվ դրանք ի՞նչ ուղղությամբ են ընթանում` դաշի՞նք, միասնական ցուցա՞կ, թե՞ այլ համագործակցություն է ենթադրվում»: Պատասխան. - ««Ազատ դեմոկրատների» հետ հանդիպումներ անընդհատ լինում են, հետագայում եւս կլինեն: Կարծում եմ, որ այդ հանդիպումները բավականին օգտակար են, որովհետեւ թե դաշինքով, թե ընտրություններին այլ կերպ համագործակցելու պարագայում հսկայական խնդիրներ կան, որոնց շուրջ պետք է համաձայնություն ձեռք բերվի: Այս պահին ես դժվարանում եմ ասել, թե ինչ կորոշենք, բայց միանշանակ է, որ «Ազատ դեմոկրատների» հետ առնվազն լայն համագործակցության դաշտ այս պահին տեսնում ենք: Եվ դեռ պարզ չէ, թե այդ համագործակցությունը կբերի՞ համատեղ ցուցակի, թե՞ յուրաքանչյուրն առանձին կգնա»: Հարց. - «Ընդամենը 2-3 շաբաթ է մնացել ցուցակի հետ կապված դասավորություններն ավարտելու համար»: Պատասխան. - «Ցուցակի հետ կապված հարցերը «Ժառանգության» մոտ ավելի ուշ են լուծվում: Ես վստահեցնում եմ, որ որեւէ խնդիր չի լինելու»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ականացումը ըստ երեւույթին որքան իշխանության համար է պարունակում մտահոգիչ հեռանկարներ, այն իմաստով, որ դա նշանակում է Ռոբերտ Քոչարյանի առավել հիմնավոր ընդդիմացում Սերժ Սարգսյանին, այնքան էլ այդպիսի հեռանկարներ է պարունակում ընդդիմության, մասնավորապես կամ հատկապես Հայ ազգային կոնգրեսի համար, որը հանդիսանում է ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը: Պարզ է, որ «Բարգավաճ»-ը շեշտը դնելու է ընդդիմադիր կեցվածքի վրա, այսինքն փորձելու է հնարավորինս լայն ընդդիմադիր ընտրազանգված համախմբել իր շուրջը: Այլ հարց է, թե հետո ինչ կերպ կտնօրինի իր ստացած ձայները, ինչ համաձայնության կգա Սերժ Սարգսյանի հետ կամ ինչ պահանջներ կդնի նրա առաջ: Բայց որ ԲՀԿ-ն շեշտը դնելու է հնարավորինս լայն ընդդիմադիր ընտրազամգված հավաքելու վրա՝ թերեւս միարժեք է: Խնդիրն այն է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը հավակնում է կարծես թե Կոնգրեսի ռազմավարական մրցակցի դերին»:

«Առավոտ»-ին հարցազրույց է տվել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Լրագրողը հարցնում է. - «Արդարացվա՞ծ են ՀԱԿ-ի հավակնությունները՝ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն հավաքել եւ քաղաքական իրավիճակ փոխել երկրում»: Պատասխան. - «Ավելի, քան մինչեւ հիմա եղած ընտրություններն են, որովհետեւ հասարակական կյանքն ավելի լավը չի դարձել, եւ մարդիկ ավելի լավ չեն սկսում ապրել: Երբեք այս երկիրը այսքան անհույս չի եղել: Ու հիմա ամենակարեւոր բանը հասարակության մոտ հույս ծնելն է, պայքարելու եռանդ ու ներուժ դնելն է, ինչին ես ուղղորդելու եմ իմ ամբողջ պոտենցիալը, որովհետեւ երկրի վիճակը համարում եմ ծայրահեղ: Հենց միայն իրենց վիճակագրական վարչության տվյալներով՝ 2002-2012 թվականներին, կլորացված թվերով, Հայաստանից բացակայել է 130 հազար մարդ: Նույն իշխանությունների տվյալներով՝ Ղարաբաղում ապրում է մոտ 130 հազար մարդ: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ մենք կորցրել ենք մի ամբողջ Ղարաբաղ»:

Your browser doesn’t support HTML5

Փետրվարի 21-ի մամուլ