«Հայկական կիբեր բանակը» կոտրել է ավելի քան 2 տասնյակ ադրբեջանական կայք

Հաքերային հարձակման ենթարկված ադրբեջանական sulh.az կայքի առաջին էջը

Որպես «Հայկական կիբեր բանակ» ներկայացած անհայտ անձինք կոտրել են 20-ից ավելի ադրբեջանական կայք` նշելով, որ դա արվում է ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի սպանության 8-ամյակի:

Հիշեցնենք, 2004 թվականի փետրվարի 19-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանը ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարվել էր Բուդապեշտում` ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ:

«Հայկական կիբեր բանակը»` որի անունը հայ-ադրբեջանական հաքերային հարձակումներում հիշատակվում է առաջին անգամ, փոփոխության է ենթարկել 22 ադրբեջանական կայքերի առաջին էջերը` դրանց փոխարեն հրապարակելով զոհված հայ զինծառայողի լուսանկարը եւ հաղորդագրություն` «Գուրգեն Մարգարյան - 8 տարի առաջ - միշտ հիշեք»:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ կոտրված կայքերի թվով սա ամենամեծածավալ հարձակումն է ադրբեջանական կայքերի վրա: Նմանատիպ հարձակում հայկական կողմից իրականացվել է նաեւ մեկ տարի առաջ` 2011-ի փետրվարին:

Ադրբեջանական կողմից եւս մեծ թիվ են կազմում հայկական կայքերի կոտրման դեպքերը: Վերջին նմանատիպ հարձակումը, որից տուժել է 3 հայկական կայք, տեղի է ունեցել փետրվարի 14-ին:

«Փետրվարի վերջին սովորաբար հարձակումների թիվն ավելանում է, եւ ցանկալի է, որպեսզի հայկական սայթերը պատրաստ լինեն պատասխան հարձակման», - զգուշացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետը` չբացառելով, որ «Հայկական կիբեր բանակի» այս քայլը պատասխան հարձակման կդրդի ադրբեջանցի հաքերներին: