Նկարահանվել է Նարեկացուն նվիրված գեղարվեստական կինոնկար

Your browser doesn’t support HTML5

Նարեկացու մասին ֆիլմ է նկարահանվել:

Չորեքշաբթի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Գրիգոր Նարեկացու մասին պատմող «Հովիվ» գեղարվեստական կինոնկարի պրեմիերան:

Նախաձեռնությունը Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Ռաֆայել արք. Մինասյանինն է: Նարեկացու դերը մարմնավորել է Արթուր Կարապետյանը: Ֆիլմի ռեժիսորը Արտակ Ավդալյանն է: Սցենարի հեղինակը` Արթուր Էդարը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արթուր Ավդալյանը իր աշխատանքի մասին ասաց. - «Ես չգիտեմ` հաջողվել է կերպարը, թե ոչ: Դա կասի հանդիսատեսը: Բայց պատասխանատվությունը շատ մեծ էր, եւ պետք էր առնվազն խենթ լինել, որ համաձայնվել նման դերի»:

Ի դեպ, Ավդալյանը նախ հրաժարվել է. ծայրեծայր կարդացել է «Մատյանը» եւ հրաժարվել: Հետո, այնուամենայնիվ, համաձայնել է. - «Մի բան կարող եմ վստահ ասել` Նարեկացու հանճարը ամբողջությամբ ներկայացնելը տրված չէ ոչ մի մահկանացուի, եւ չի էլ կարող որեւէ մեկը դա անել… Ամեն դեպքում, փորձել ենք ավելի շատ առաջնորդվել սրտով»:

«Փորձել ենք Նարեկացում ներկայացնել որպես մարդ այն ավանդազրույցների հիման վրա, որոնք շրջել են, որոնք կան եւ մինչեւ այսօր էլ ապրում են մեր ժողովրդի մեջ», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց ֆիլմի ռեժիսոր Արտակ Ավդալյանը: - «Նկարահանումների մի մասը անցկացվեցին Արեւմտյան Հայաստանում: Երեւի գիտեք, որ Նարեկավանքը վաղուց արդեն չկա, վաթսունական թվականներին պայթեցված է թուրքերի կողմից: Բայց գոնե մենք կարողացանք գտնել այն քարանձավները, այն քարայրները, որտեղ Սուրբ Նարեկացին եւ մյուս հոգեւորականները ճգնել են»:

«Պատասխանատու էր, բարդ էր, բայց Նարեկացին մեր հետ էր, «Մատյանը»-ը մեզ հետ էր», - ասաց ռեժիսորը:

Ռաֆայել արք. Մինասյանը, ով հանդես է եկել որպես ֆիլմի պրոդյուսեր, ասաց, որ նպատակ են ունեցել այդ ֆիլմով Գրիգոր Նարեկացուն ճանաչել տալ որպես ընդհանրական եկեղեցու վարդապետ: Սա մի կարգ է, որով երեք խոշորագույն քրիստոնյա եկեղեցիները` ուղղափառ, առաքելական եւ կաթոլիկ, ճանաչում են տվյալ սրբին որպես ընդհանրական եկեղեցու վարդապետ:

«Ուզում էինք, որ ամբողջ աշխարհը, սովորական մարդիկ ճանաչեին Նարեկացուն», - ասաց նա:


Your browser doesn’t support HTML5

Նկարահանվել է Նարեկացու մասին պատմող գեղարվեստական կինոնկար