Հայ գրողները միանում են եվրոպացի գրչակիցների նախաձեռնությանը

Թուրք հրատարակիչ, իրավապաշտպան Ռաջըփ Զարաքոլուն Հանրային գրադարանում: Երեւան, 15-ը փետրվարի, 2011թ.

Your browser doesn’t support HTML5

Հայ գրողները` ի պաշտպանություն թուրք գրչակցի



Եվրոպացի բազմաթիվ անվանի գրողներ այս օրերին իրենց աջակցությունն են հայտնում բանտում գտնվող թուրք գրող, հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուին: Նախաձեռնությանը միացել են նաեւ հայ գրողները:

Որոշվել է, որ հայ գրողները իրենց զորակցությունն արտահայտելու են` մակագրելով ու թուրք մտավորականին նվիրելով իրենց գրքերը:

Ակցիան մեկնարկեց երեքշաբթի օրը Գրողների միությունում եւ առաջիկա օրերին շարունակվելու է մայրաքաղաքի գրախանութներում:

«Երեկ փաստաբանը իր հետ հանդիպել էր բանտում: Երեկոյան արդեն լուր տարածվեց, որ Ռագըփը Հայաստանի գրողների եւ բանաստեղծների այս ակցիայի մասին նոր է տեղեկանում: Փաստաբանն ասում է, որ այնքան զգացված է եղել, որ լացել է: Եվ ասել է` ես գիտեի, որ Հայաստանի մտավորականությունը ինձ մենակ չի թողնի», - ակցիայի մասնակիցներին ու լրագրողներին փոխանցեց Զարաքօլուի մտերիմ ընկերը` Սարգիս Հացպանյանը:

Հացպանյանը տեղեկացրեց նաեւ, որ թուրք հրապարակախոսներից մեկը իր բլոգում երեկ գրել է. «Ես կցանկանայի Հայաստանի գրողների եւ բանաստեղծների շրջանակից այնքան շատ գիրք հասնի իր բանտախուցը, որ բանտախցում քնելու տեղ չլինելու պատճառով Ռագըփին ստիպված լինեին ազատ արձակել»:

Հավաքված գրքերը շուտով ուղարկվելու են Թուրքիա` եթե ոչ անմիջապես նրա բանտախուցը, որովհետեւ Թուրքայիում արգելվում է օտար լեզուներով գրքեր ուղարկել բանտ, ապա գոնե Զարաքօլուի հիմնադրած «Բելգե» հրատարակչատուն:

1976 թվականին հիմնադրված այս հրատարակչատունը միակն է Թուրքիայում, որ 50-ից ավելի գրքեր է հրատարակել Հայոց ցեղասպանության մասին: Իրենց հրատարակած գրքերի հետ կապված մի քանի անգամ ձերբակալվել, բանտարկվել են ինչպես Զարաքօլուն, այնպես էլ իր կինը` Այշեն: Կրած տառապանքներից Այշեն մահացել է, իսկ Ռագըփը շարունակում է գործը:

Ներկայումս Զարաքօլուն ձերբակալված է քուրդ ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Հացպանյանի փոխանցմամբ, հրատարակիչը բանտախցից նամակ է հղել Թուրքիայի խորհրդարանականներին, որ «մինչեւ 2015 թվականի ապրիլի 24-ը Թուրքիան ընդունի հայերի դեմ, մարդկության դեմ կատարված հանցագործությունը, ներողություն խնդրի պետության անունից եւ փոխհատուցում կատարի»:

Բանաստեղծ Լեւոն Բլբուլյանն ասաց, որ թուրք մտավորականը պիտի արժանանա ամբողջ առաջադեմ մարդկության գնահատանքին ու յուրաքանչյուր հայ մարդու զորակցությանը. - «Այս ակցիան ինձ թվում է, շատ տեղին էր: Պիտի տրամադրություն հաղորդի նրան, կամք ու տոկունություն հաղորդի` բանտում էլ շարունակելու հավատարիմ մնալ իր սկզբունքներին եւ հանդես գալու դրանց պաշտպանության համար»:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը այսօր Զարաքօլուին նվիրեց իր գիրքը` «Նամակ թուրք գրողին», որը հրատարակվել է 7 լեզուներով, այդ թվում` թուրքերեն: Գիրքը կոչ է անում թուրք հասարակությանը չվախենալ ճշմարտությունից եւ ընդունել Հայոց ցեղասպանության փաստը:

Your browser doesn’t support HTML5

Հայ գրողները միանում են եվրոպացի գրչակիցների նախաձեռնությանը