Նախարարը ներկայացրեց ոլորտի գերակա ուղղությունները

Your browser doesn’t support HTML5

Գրահրատարակչությունը գերակա ուղղություն կդառնա՞ Հայաստանում

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության հիմնախնդիրները, գերակա ուղղությունները եւ այս տարի ծրագրած անելիքները:

Նախարարի խոսքով` մեկնարկած տարում նախարարությունն առանձնացրել է չորս գերակա ուղղություն:

Գրականության, գրահրատարակչության ու գրքարվեստի ոլորտի գերակա խնդիրները` հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից այս տարի Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված իրադարձությունների շրջանակներում:

«Առաջին խնդիրը, որը դրված է այդ ծրագրի առջեւ, դա` ամփոփել լիարժեք այն բոլոր գրավոր ժառանգությունը, որը այսօր գտնվում է Հայաստանում: Եվ պատահական չէ, որ ոչ միայն Մշակույթի նախարարության ջանքերով, այլեւ այլ գերատեսչությունների եւ մասնավոր ներդրումների ջանքերով այսօր ամբողջովին 2012 թվականին ավարտվելու է Մատենադարանի հին մասնաշենքի վերանորոգման ծրագիրը` նոր ցուցադրության ձեւավորմամբ, Հանրային գրադարանի շենքի վերանորոգումը: Կարեւոր հատված է Գրքի թանգարանի ձեւավորումը Հանրային գրադարանի տարածքում», - նշեց Պողոսյանը:

Նախարարության աշխատանքի գերակա ուղղություններից են նաեւ գրադարանների հիմնանորոգումը, նաեւ էլեկտրոնային գրադարանների հիմնումը. - «2012 թվականին ամբողջովին ավարտվում է 13 պետական գրադարանների հիմնանորոգման ծրագիրը: 2012 թվականին պետք է վերազինվեն այդ գրադարանները, իրականացվելու են մասնագետների վերապատրաստումներ»:

Հաջորդը պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրն է, նաեւ թանգարաններում նոր ցուցադրությունների, թանգարանների եւ առհասարակ այլ մշակութային օջախների` համերգասրահների, թատրոնների եւ այլն, էլեկտրոնային նոր ծրագրերի հետ համակցումը, որը հնարավորություն կտա ցանկացած պահին տեղեկանալ, թե այս կամ այն վայրում ինչ համերգ կարելի է ունկնդրել, ինչ բեմադրություն կամ ցուցադրություն դիտել: Տոմսերն էլ կարելի է կլինի պատվիրել համացանցի միջոցով:

Ի պատասխան լրագրողների` Թեղուտին վերաբերող հարցին, նախարարն ասաց, թե այդ տարածքում պեղումների ընթացքում գտնված մշակութային արժեքներն այժմ ուսումնասիրվում են հնագետների կողմից եւ հետագայում իրենց տեղը կունենան Պատմության թանգարանում:

Հասմիկ Պողոսյանի խոսքով, առաջիկայում Թեղուտում գտնվող պատմամշակութային հուշարձաններից մի քանիսը` եկեղեցու պահպանված հատվածը, խաչքարերը, տապանաքարերը, կտեղափոխվեն հատուկ այդ նպատակով Շնող գյուղում գնված հողատարածքը:

Շուտով մասնավոր անձանց օժանդակությամբ եւ պետության միջոցներով կսկսվեն Սանահինի վանքի վերանորոգման աշխատանքները:

Իսկ Երեւանում կվերանորոգվեն Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանն ու Գրապալատի գրապահոցը:

Նախարարը հավաստիացրեց, որ շատ շուտով կվերանորոգվեն մայրաքաղաքում գտնվող հուշարձաններից ու քանդակներից հրատապ վերանորոգման կարիք ունեցողները:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու շրջանառվող բազմաթիվ թեկնածություններից հենց Տիգրան Գասպարյանն նշանակվեց Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր, նախարարը նշեց. - «Ավելի շատ մենք հակված ենք, որպեսզի դա լինի Սունդուկյան թատրոնի ստեղծագործական կազմի որոշումը, ինչը, ըստ էության, եղավ»:

Your browser doesn’t support HTML5

Նախարարը ներկայացրեց ոլորտի գերակա ուղղությունները