Շիֆը եւ Բերմանը Սահակաշվիլիի հետ խոսել են Ջավախքից

Տեսարան Ջավախքի Ախալցխա քաղաքից

Հայամետ կոնգրեսականները կոչ են անում Վրաստանի նախագահին ավելի մեծ ուշադրություն դարձնել Ջավախքի խնդիրներին:
Վաշինգտոնում գտնվող Միխեիլ Սահակաշվիլին հինգշաբթի երեկոյան այցելել է Կապիտոլիում, որտեղ հանդիպել է հայկական խնդիրների նկատմամբ իրենց ուշադրությամբ թերեւս ամենաշատն աչքի ընկած երկու կոնգրեսականների` Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ Ադամ Շիֆի եւ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, դեմոկրատ Հովարդ Բերմանի հետ:

«Ես շարունակելու եմ պայքարել, որպեսզի Վրաստանում բնակվող հայերն օժտված լինեն հավասար իրավունքներով, եւ նրանց հանդեպ արդար վերաբերմունք ցուցաբերվի», - նշել է Հովարդ Բերմանը Սահակաշվիլիի հետ հանդիպման ավարտին:

Ադամ Շիֆի հավաստմամբ էլ` Վրաստանի նախագահի հետ բանակցությունները բավական արդյունավետ էին:

«Այս հանդիպումը մեզ գոհացրեց: Նախագահ Սահակաշվիլին վճռականորեն աջակցեց մեզ, երբ մենք խնդրեցինք նրան հավելյալ ջանքեր գործադրել Վրաստանի հայազգի քաղաքացիներին օժանդակություն ցուցաբերելու հարցում», - նշել է Շիֆն ըստ «Ասպարեզ» պարբերականի:

Հանդիպման թերեւս գլխավոր արդյունքն էլ Սահակաշվիլիի խոստումն էր` հետագայում եւս ակտիվորեն աշխատել հայամետ կոնգրեսականների հետ Վրաստանին հատկացվող ամերիկյան օգնության ծավալների մի մասը դեպի Ջավախք ուղղելու նպատակով: Այս խնդրով զբաղվում են նաեւ ամերիկահայ կազմակերպությունները, որոնք ուղղակի երկխոսության մեջ են մտել պաշտոնական Թբիլիսիի հետ:

«Ասպարեզ»-ի տեղեկացմամբ` Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը արդեն բավական տեւական ժամանակ է ինչ ակտիվորեն աշխատում է Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպանության հետ:

Թերթը նաեւ մեջբերում է Վաշինգտոնում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլիի հայտարարությունից մի հատված, որում վրաց դիվանագետը նշել է. - «Մենք կշարունակենք աշխատել ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունների` այդ թվում, իհարկե, ամերիկահայ համայնքի հետ, որպեսզի հնարավորինս արագորեն Միացյալ Նահանգների կողմից հատկացված օգնությունն ուղղվի Սամցխե-Ջավախեթի մարզում ենթակառույցների, աշխատատեղերի ստեղծմանը, տեխնիկական ու մարդասիրական կարիքները հոգալուն»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանն էլ ասել է, որ իր ղեկավարած կառույցը վրացական դեսպանության հետ շփումների միջոցով հույս ունի ամրապնդել հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր կապերը: Այդ կապերի ամրապնդմանը, ըստ Խաչիկյանի, կնպաստի նաեւ Միացյալ Նահանգների կողմից հատուկ Ջավախքի համար նախատեսված օգնության տրամադրումը։