Երեւանում ամփոփվեց Պետրոս Դուրյանի մասունքը

Your browser doesn’t support HTML5

Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում` հուշապատի մեջ ամփոփվեց արեւմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքը` գանգի բեկորները:

Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում` հուշապատի մեջ ամփոփվեց արեւմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքը` գանգի բեկորները:
Արարողության համար Պոլսի Սկյուտարի հայոց գերեզմանատնից` բանաստեղծի շիրմից բերվել էր հող: Դուրյանի մասունքը հողի հետ խառնված, սափորով ամփոփվեց հուշապատում` հոգեհանգստի արարողությամբ:

1969 թվականից Դուրյանի գանգի մասունքը պահվում էր Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում: 1970 թ. թանգարանի գիտական խորհուրդը որոշում է կայացնում դիմել մարդաբան Անդրանիկ Ճաղարյանին` գանգի ոսկրերի միջոցով Պետրոս Դուրյանի դիմապատկերը վերականգնելու առաջարկով:

Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրենը Կարո Վարդանյանի խոսքերով, իրենք 55 տարի աչքի լույսի պես պահել-պահպանել են բանաստեղծի մասունքը. - «Իրականում Դուրյանի մասունքը մի թանգարանից տեղափոխվեց մեկ այլ թանգարան. Պանթեոնն իրապես մի մեծ թանգարան է, Պետրոս Դուրյանն էլ պանթեոնի երեւելիների շարքում ամենաերիտասարդն ու միեւնույն ժամանակ ամենից ավագն է իմ կարծիքով»:

55 տարի Դուրյանի` որպես քրիստոնիայի եւ մտավորականի, մասունքը հողին չհանձնելը գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը անթույլատրելի է համարում:

Գրողների շրջանում տարաձայնություններ են եղել Դուրյանի մասունքը ամփոփելու հարցում:

«Հիմնական մասը կողմ էր, որպեսզի աճյունը 2-րդ գերեզման չունենար», - նշեց Անանյանը եւ հավելեց, որ ինքն անձամբ կողմ է եղել:

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը տարբերություն չի տեսնում գրողի մասունքը հողին հանձնելու եւ հուշապատում ամփոփելու մեջ: Նա նշում է, որ հիմա անգիր չի հիշում բանաստեղծություններից, սակայն Դուրյանից խոսելիս նույն զգացողությունն է ունենում, ինչ դպրոցական տարիքում էր զգում:

Պոլսահայ համայնքը մի բուռ հող եւ մի բանաստեղծություն էր ուղարկել Դուրյանի ծննդավայրից:


Your browser doesn’t support HTML5

Պետրոս Դուրյանը 2-րդ գերեզմանն ունի