Քլինթոն. «Կառավարության միջամտությունը վտանգավոր դուռ կբացի»

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պետդեպարտամենտում կայացած ասուլիսի ժամանակ, 12-ը հունվարի, 2012թ.

Պետդեպարտամենտի ծառայողների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եվրոպական գործերի բաժնի աշխատակցի խնդրանքով անդրադարձել է Հայոց ցեղապանության ճանաչման հարցին եւ, մասնավորապես, Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած որոշմանը։


«Նախ պետք է ասեմ, որ մեր երկրում չեն քրեականացնում ազատ խոսքը, մարդիկ կարող են ասել գրեթե ինչ ուզում են եւ այդպես էլ անում են, եւ դա մեր հզոր կողմերից մեկն է։ Մնացած երկրները, այդ թվում մեր մտերիմ դաշնակից Ֆրանսիան, կարող են այլ չափանիշներ ունենալ, այլ պատմություն, սակայն մենք չենք քրեականացնում ազատ խոսքը եւ հուսամ` երբեւէ չենք գնա այդ ճանապարհով», - ասել է պետքարտուղարը։

Մեկնաբանելով բուն հարցը, Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե դա ոչ այնքան քաղաքական, որքան պատմական բանավեճ է։

«Կարծում եմ, Միացյալ Նահանգներն այս հարցում ճիշտ դիրքորոշում է որդեգրել։ Որովհետեւ որքան էլ հրեշավոր են այդ իրադարձությունները, որքան էլ զգացական են, այնուամենայնիվ, կառավարության միջամտությունը պատմական հարցին կարող է շատ վտանգավոր դուռ բացել։ Ուստի, խնդիրը զգացական է, ես դա գիտակցում եմ եւ մեծ կարեկցանք ունեմ այդ խնդրով մտահոգվածների հանդեպ», - ասել է պետքարտուղարը։

Նրա համոզմամբ` այդ կարգի հարցերը հարկ է քննարկել ազատ բանավեճի, մտքերի փոխանակման, գիտնականների համայնքի մակարդակում, եւ, ի վերջո, մարդիկ կհանգեն իրենց սեփական եզրակացություններին, որոնք հարկ կլինի ճանաչել։

Քլինթոնի խոսքերով, հարկ է քաջալերել յուրաքանչյուր կողմին` ազատ գաղափարների դաշտ հանել պատմական խնդիրը։

«Ի մի բերեք ձեր փաստարկները եւ պատրաստ եղեք ներքաշվել բանավեճի մեջ, իմ համոզմամբ, դա պետք է անել», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։