«Կեցցե' Ֆրանսիան», «Շնարհակալություն», «Merci» եւ այլ վանկարկումներով այսօր հարյուրից ավելի երիտասարդներ հավաքվել էին Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ:
Your browser doesn’t support HTML5
Նրանք այս կերպ իրեnց շնորհակալությունն էին հայտնում Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ:
Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է 2001 թվականին: Այսօր արդեն դատապարտում է ցեղասպանությունները ժխտողներին:
Դեսպանատան դիմաց հավաքվածներից Արուսյակ Պողոսյանը հույս հայտնեց, որ Ֆրանսիային կմիանան նաեւ այլ երկրներ. - «Բավականին երկար էինք սպասել սրան, եւ շատ լավ կլինի, որ Ֆրանսիայի օրինակին հետեւեն այլ երկրներ նույնպես»:
Երիտասարդները նշեցին, որ Սենատի քննարկումենրին եւ նորություններին հետեւել են ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ facebook սոցիալական ցանցով: Facebook-ում օրինագծի ընդունման շուրջ ծավալվող բուռն քննարկումներին միջամտել են նաեւ ադրբեջանցիները:
Ֆրանսիայի դեսպանատան առջեւ հավաքվածներից յուրաքանչյուրը տարբեր կերպ է արձագանքել Սենատում քվեարկության արդյունքները հայտարերելու ժամանակ: «Մեր տան անդամները ուրախությունից ցատկոտում էին. նույնիսկ 5 տարեկան աղջիկս էր թռչկոտում` տեսնելով մեր ոգեւորությունը», - ասաց Արուսյակը:
Հակոբը հավելեց. - «Այդ ժամանակ հեռախոսով էի խոսում ու ուրախությունից այնպես գոռացի, որ զրուցակցս վախեցավ»:
12-րդ դասարանի աշակերտ Միքաել Պողոսյանը այսօր վաղ առավոտից Հայաստանի դրոշը ուսին կանգնած է Ֆրանսիայի դեսպանատան առջեւ եւ պատրաստվում է մինչեւ երեկո մնալ այնտեղ` այս կերպ արտահայտելով իր շնորհակալությունն ու գոհունակությունը:
Մասնակիցները Ֆրանսիայի դեսպանատան առջեւ կազմակերպեցին մոմավառություն եւ դեսպանին փոխանցեցին նաեւ իրենց շնորհակալական ուղերձը: Երիտասարդական ակցիային միացել էին նաեւ տարեցները:
Մասնակիցները եւ կազմակերպիչները հույս հայտնեցին, որ առիթներ կունենան նման շնորհակալական միջոցառումներ կազմակերպելու նաեւ այլ դեսպանատների դիմաց:
Երիտասարդները համոզված են, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առանց երկմտելու կստորագրի, եւ օրենքը ուժի մեջ կմտնի:
«Միասին» երիտասարդական շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանի խոսքերով Ֆրանսիայի այս քայլը կարող է այլ երկրներին օրինակ ծառայել:
Your browser doesn’t support HTML5