Հունվարի 17-ի մամուլ

«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Այն պնդումները, թե բացառապես համամասնական ընտրակարգին անցնելը մարդկանց զրկում է ընտրություններին առաջադրվելու եւ մասնակցելու իրավունքից, եւ որ մեծամասնական ընտրակարգի հիմնական գործառույթը հենց դա ապահովելն է, հասարակությանն այսօր պարտադրվող ամենամեծ ստերից մեկն է: Իրականում ճիշտ հակառակն է: Մեծամասնական ընտրակարգով փաստացի առաջադրվելու հնարավորություն ունեն բացառապես նույն այն մարդիկ, ովքեր գրեթե մշտապես այդ ճանապարհով դառնում են պատգամավոր: Շարքային որեւէ քաղաքացի, որքան էլ խելացի ու կիրթ լինի, երբեք չի համարձակվում մրցել ֆինանսական հսկայական ռեսուրսների տիրապետող, ընտրությունների կեղծման մեջ մասնագիտացած սափրագլուխների ու թաղային հեղինակությունների բանակներ ունեցող արտոնյալների այս շրջանակի հետ»:

«Առավոտ»-ը զրուցել է Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ընդդիմության տեսակետը մեծամասնական, համամասնական ընտրակարգերի վերաբերյալ հետեւյալն է՝ Հանրապետական կուսակցությունը արդեն 41 մեծամասնականի մանդատ գրպանում՝ գնում է ընտրությունների, եւ այս համատեքստում համարում են, որ արդեն իսկ ընտրությունները չեն կարող արդար լինել»: Պատասխան. - «Իսկ ինչո՞ւ է ընդդիմությունը որոշել, որ չպիտի մասնակցեն մեծամասնական տեղերի համար պայքարին: Եթե իրենք որոշել են չմասնակցել, այո, ստացվում է այդպես, որովհետեւ մենք որոշել ենք ակտիվորեն մասնակցել»: Հարց. - «Ըստ ընդդիմության ներկայացուցիչների՝ միայն Հանրապետականն է խոսում հօգուտ մեծամասնականի, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն այդ մասին չեն խոսում»: Պատասխան. - «Քանի որ, ընդհանուր առմամբ, այս ընտրական համակարգերի շուրջ քննարկումները, իմ կարծիքով, բացառապես քարոզչական բնույթ են կրում, ապա բոլոր այն կուսակցությունները մի կողմից՝ խոսում են հարյուր տոկոսանոց համամասնականի մասին, բայց արդեն նախապատրաստվում են նաեւ մեծամասնականի, ուրեմն դա եւս իրենց կողմից ընդամենը քարոզչական բնույթ է կրում եւ ոչ ավելին»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. -«Կասկածից վեր է, որ առաջիկա ընտրությունների մասին ինքնավստահ հայտարարությունների հիմքում, որ անում է իշխանությունը, ընկած է նաեւ հենց այն համոզումը, որ Հայաստանում ընդդիմությունը տարանջատված է, ընդդիմադիր դաշտը` բազմաթիվ մասերի բաժանված, ինչն էլ ջլատել է բողոքական ընտրազանգվածի ուժն ու լղոզել այն` իշխանությանը հնարավորություն տալով այն դարձնել հեշտ կառավարելի: Եթե այդ դաշտում տեղի են ունենում բյուրեղացման գործընթացներ, թեկուզ մարտավարական ինչ-որ խնդիրների հիմքով, ապա իշխանությունն իսկապես կարող է հայտնվել «ֆորս-մաժորի» առաջ: Հետեւաբար անկասկած է, որ իշխանությունը ներկայումս ուշադրությամբ հետեւելով ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խմորումներին` կանի հնարավորը, դրանց հետագա գեներացիա թույլ չտալու համար: Գործի կդրվեն, բնականաբար, թե քարոզչական, թե նաեւ ֆինանսատնտեսական միջոցներն ու մեթոդները»:

«Իրատես de facto» թերթը զրուցել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Այսօր իշխանությունները ընդգծում են, որ այս անգամ որակապես այլ ընտրություններ կլինեն: Հավատո՞ւմ եք»: Պատասխան. - «Առայժմ այս իշխանությունների կողմից քաղաքական այդ կամքը չեմ տեսնում: Ժամանակը ցույց կտա, թե ինչի են պատրաստ: Առաջիկայում Հրազդանի քաղաքապետի ընտրություններն են, որտեղ կերեւա` ինչ համակարգ է կիրառվելու»: Հարց. - «Այս ընտրությունն իշխանության համար փորձաքա՞ր է լինելու»: Պատասխան. - «Ինչ-որ տեղ` այո: Համապետական ընտրություններից առաջ տեղական ինքնակառավարման այդ ընտրությունը ինչ-որ բան ցույց կտա»: Հարց. - «Իշխանությունը իրավունք չունի՞ խոսելու արդար ընտրություններից»: Պատասխան. - «Ոչ, այդ բարոյական իրավունքը նրանք չեն վաստակել: Իրենք են կեղծել, ո՞ւմ են ասում: Թող մեղա գան, գնան եկեղեցի ու ասեն` էլ չենք կեղծելու»:

2009 թվականին սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ գտել է իր որդուն սպանողին, որը այժմ կալանավորված է այլ հանցագործության համար։ «Կատարողը իր ձեւով իր պատիժը կստանա, բայց ինձ հետաքրքիր են որդուս կյանքը լափողները, այդ ամենը կազմակերպողները։ Ես գիտեմ, թե ինչի է մարդասպանը ուրիշ գործով նստած, թե ով է այնպես արել, որ ուրիշ գործով նստի։ Այս ամեն ինչը գիտեմ, բայց ես ավելի խորն եմ ուզում հասնել։ Ես ուզում եմ հասնել այն մարդկանց, որոնք տեղյակ են այս ամեն ինչից ու լուռ են մնում», - ասել է սպանված փոխոստիկանապետի հայրը եւ նշել, որ դեռեւս չի հայտնի սպանությունը կատարողի անունը։ Թերթը հիշեցնում է, որ Գեւորգ Մհերյանը սպանվել էր իր տան մուտքում: Մինչեւ օրս սպանությունը բացահայտված չէ»:

Your browser doesn’t support HTML5

Հունվարի 17-ի մամուլ