ՀՀԿ-ն ամենաշատ թեկնածուներն ունի ՏԻՄ ընտրություններում

Հայաստանի ինը մարզերում փետրվարի 12-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում իշխող հանրապետական կուսակցության թեկնածուները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ) գրեթե մրցակիցներ չունեն: Հունվարի 13-ին ավարտվել է ՏԻՄ փետրվարի 12-ի ընտրություններում առաջադրման ժամկետը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տեղեկատվության, ինը մարզերի չորս տասնյակ համայնքներից միայն մեկում` Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում է ԲՀԿ-ի ներկայացուցիչը` Անդրանիկ Վիրաբյանը, ինքնաառաջադրվել Հանրապետականի առաջադրած երկու թեկնածուների դեմ, որոնցից մեկը համայնքի գործող ղեկավար Հայկ Քամալյանն է:

ՏԻՄ այս ընտրություններում 26 համայնքներում իշխող Հանրապետականի մրցակիցները մեծամասամբ անկուսակցականներ են: Երեք համայնքներում հանրապետականները միմյանց հետ են մրցակցում, երկու խոշոր համայնքներում էլ` Հրազդանում եւ Սպիտակում, Հանրապետականին անդամակցող գործող քաղաքապետերը մրցելու են արտախորհրդարանական ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ներկայացնող Սասուն Միքայելյանի եւ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության անդամ Անանիկ Նիկողոսյանի հետ: Մի շարք համայնքներում անկուսակցական թեկնածուներ են մրցում միմյանց հետ:

Եթե ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են 38 հանրապետականներ, ապա ԲՀԿ-ն չորս թեկնածուներ ունի, երեքը` Կոտայքի մարզի Հատիս եւ Սեւաբերդ գյուղերում են առաջադրված (նրանցից երկուսը միմյանց հետ են մրցակցում, մեկը` անկուսակցական թեկնածուի):

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց, արդյո՞ք կոալիցիոն Հանրապետականն ու ԲՀԿ-ն պայմանավորվել են այս ընտրություններում միմյանց չխանգարել: Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ որեւէ պայմանավորվածություն կամ «գործարք» չկա:

«Բարգավաճ Հայաստան»-ը առանձին քաղաքական ուժ է, Հանրապետականը` առանձին: Ով որտեղ նպատակահարմար գտնում է, առաջադրվում է: Եթե մարդիկ այստեղ կամ այնտեղ անցողիկ թեկնածու չունեն, կամ նպատակահարմար չեն գտնում խորհրդարանական ընտրություններից առաջ առաջադրվել, դա արդեն տվյալ քաղաքական ուժի խնդիրն է», - ասաց Շարմազանովը:

Հիշեցնենք` Իջեւանի քաղաքապետի նոյեմբերին կայացած ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն հաղթեց Հանրապետականի թեկնածուին, ինչը ըստ մամուլի, Հանրապետականի ներսում լուրջ դժգոհությունների առիթ էր տվել, թեեւ ՀՀԿ-ի պատասխանատուները հերքում են դա: Այն դիտարկմանը, թե գուցե Իջեւանի ընտրություններից հետո Հանրապետականի եւ ԲՀԿ-ի միջեւ բանակցություններ են եղել, Շարմազանովն այսպես արձագանքեց. - «Չէ, ի՞նչ բանակցություն պետք է լինեին: Յուրաքանչյուր կուսակցությունն ինքն է որոշում որտեղ առաջադրվել, ինչպիսի թեկնածուով առաջադրվել եւ ում պաշտպանել»:

ՏԻՄ փետրվարի 12-ին կայանալիք ընտրություններում ամենաթեժ մրցակցությունն ակնկալվում է Հրազդանում, որտեղ, ինչպես հայտնի է, առաջադրվել են գործող քաղաքապետ, Հանրապետականի տարածքային կառույցի ղեկավար Արամ Դանիելյանը, նրա խորհրդական, կրկին հանրապետական Հովհաննես Պրտավյանն ու ընդդիմադիր, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով շուրջ երեք տարի անազատության մեջ անցկացրած Սասուն Միքայելյանը: Ընդդիմադիր ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իշխանության թեկնածուն արդեն գործի է դնում իր վարչական ռեսուրսները:

«Դպրոցների, մանկապարտեզների տնօրենների վրա արդեն կոնկրետ աշխատանքներ են տանում: Գործարաններում, արդեն որոշ դեպքերում որոշ արտադրամասի պետերի հանձնարարականներ է տրված, որ այդ քարեդարյան սեւ տեխնոլոգիաները կիրառեն: Մարդկանց կանչում են, թղթի վրա ստորագրություն են վերցնում, որ խոստացեք, որ գործող քաղաքապետին կընտրեք», - ասաց Միքայելյանը:

Ընդդիմադիր թիմի համար տարօրինակ է Հրազդանի քաղաքապետի երրորդ թեկնածուի` քաղաքապետի խորհրդական, հանրապետական Հովհաննես Պրտավյանի առաջադրումը. - «Տրամաբանություն ո՞րն է, որ այսօր երկու հանրապետական թեկնածուներ իրար դեմ առաջադրվում են: Ի՞նչ է` կեղծ դեմոկրատիա են խաղում, թե՞ ուրիշ սեւ, մութ նախագիծ ունեն ուղղված մեր դեմ, որ այս պահին դեռ չի երեւում», - հարցնում է Միքայելյանը:

Գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իր խորհրդականն ինքնակամ է առաջադրվել, որեւէ պայմանավորվածություն չկա:

«Նորմալ եմ նայում այդ հարցին, որովհետեւ ցանկացած հրազդանցի, լինի Հանրապետական կամ այլ կուսակցության անդամ, իրավունք ունի իր թեկնածությունը առաջադրել: Մարդը կարող է ուզեցել է ինչ-որ բանով միջամտել ընտրական կամ գրանցման երեւույթներին», - ասաց Դանիելյանը` հավելելով, որ իր խորհրդականը արձակուրդում է, եւ իրենք դեռ չեն քննարկել նրա առաջադրումը: Հարցին, թե զայրացած չէ՞ Պրտավյանի առաջադրումից եւ, լինելով Հրազդանում Հանրապետականի տարածքային կառույցի ղեկավար, արդյո՞ք չի հեռացնի վերջինիս աշխատանքից կամ կուսակցությունից, Դանիելյանը պատասխանեց. - «Ոչ, ես աշխատանքից դեռ ոչ մեկին չեմ հեռացրել»:

Ի դեպ, Հրազդանի քաղաքապետի նախորդ` 2008 թվականի ընտրություններում Արամ Դանիելյանի հետ մրցում էր ներկայումս ՀԱԿ-ի անդամ, այն ժամանակ հանրապետական Մեսրոպ Մեսրոպյանը, ով առաջադրումից անմիջապես հետո հեռացվեց Հանրապետականի շարքերից կուսակցության որոշմանը դեմ գնալու համար. Հանրապետականը որոշել էր, որ նրա առաջադրումը չի բխում կուսակցության շահերից: Հարցին, թե ո՞րն է տարբերությունը, ինչո՞ւ նույն ճակատագրին չեն ուզում հիմա էր հանրապետական Հովհաննես Պրտավյանին արժանացնել, քաղաքապետ Արամ Դանիելյանը պատասխանեց. - «Մեսրոպ Մեսրոպյանը հանդես էր գալիս ընդդիմության տեսանկյունից, իսկ Պրտավյանը, իմ կարծիքով, նման նպատակներ չունի: Մենք խոսելուց հետո նոր կորոշենք, թե ինչ կանենք»:

Հովհաննես Պրտավյանը հրաժարվեց հարցազրույցից` պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունի եւ որեւէ հարցի չի կարող պատասխանել:

Ինչ վերաբերում է Սպիտակի ընտրություններին, որտեղ գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանի դեմ ինքնքառաջադրվել է ՀՀՇ-ի անդամ Անանիկ Նիկողոսյանը, ապա այստեղ դժվար է ասել, թե ինչպիսի ընտրապայքար է սպասվում, քանի որ դեռեւս ոչ ՀՀՇ-ն, ոչ ՀԱԿ-ը պաշտոնապես չեն հայտարարել նրան աջակցելու մասին:

Your browser doesn’t support HTML5

ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են հիմնականում ՀՀԿ-ականները