Տեսախցիկներն արդեն գործում են

Այսօրվանից Երեւանի տասը խաչմերուկներում սկսեցին գործել խախտումներն արձանագրող տեսախցիկները:
Եվս տասը փողոցներում գործարկվեցին արագաչափ սարքերը, որոնք մեխանիկորեն ֆիքսելու են սահմանված արագության գերազանցումը:

Տեսախցիկների դեպքում խաչմերուկները մոնիտորներով հսկում են օպերատորները` արձանագրելով երթեւեկության կանոնների խախտումները:

Նախագիծը իրականացնում է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը: Օրվա առաջին կեսին արդեն խախտումներ էին արձանագրվել նկարահանվող բոլոր խաչմերուկներում:

Ընկերության տնօրեն Վահագն Աղանիկյանի խոսքով, համակարգը խափանումներ չէր ունեցել. - «Քանի որ առաջին օրն է` ուզում ենք, որ հարյուր տոկոս ճշգրտությամբ բոլորը աշխատեն»:

Ճշգրտությունը, սակայն, կասկածի տակ է դնում «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը` մատնացույց անելով անորոշությունները, երկակի ստանդարտները, որ կան երթեւեկության կանոններում. - «Կարող են լինել մեծ բարդություններ»:

Նրա խոսքով, սակայն, համակարգի ներդրումը, այդուհանդերձ, դրական է, սպասված: Թեկուզ այն պատճառով, որ նվազելու է վարորդ-պետավտոտեսուչ շփումը, ինչը իր հերթին կոռուպցիոն ռիսկերը կնվազեցնի. - «Մոտավորապես մի 5 տոկոս կարող է նվազել»:

Իսկ հարցին, թե իրատեսական համարում է, որ այս համակարգի ներդրմամբ հավասար դաշտ կբերվեն բոլոր վարորդները, եւ կարձանգրվեն նաեւ «լավ» պետհամարանիշներով մեքենաների խախտումները, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Մեծ հավանականություն կա, որ դա կլինի: Բայց չեմ ժխտում, որ կլինեն նաեւ բացառություններ… Ճանապարհային ոստիկանությունը, ճիշտ է, հայտարարում է, որ իրենց համար բոլորը հավասար են, բայց չեմ կարծում... Կերեւա»:

Նորամուծության հասցեատերերի` վարորդների կարծիքը հակասական է: Կան ե'ւ դժգոհողներ, ե'ւ որոշումը ողջունողներ:

Մտահոգությունը հիմնականում վերաբերում է նրան, որ կրկին կարող է խտրականություն դրվել վարորդների միջեւ:

«Չեմ հավատում: Ինձ թվում է` ոնց եղել է դարերով, մինչեւ հիմա էլ մնալու է», - ասաց թերահավատներից մեկը:

Ավելի լավատես մի քաղաքացի ասաց. - «Վերջապես կլինի կարգուկանոն: Գեղեցիկ չէ, երբ տեսնում ես, որ վարորդը ավտոտեսուչի հետ վիճում են, խոսում են…»:

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենը, սակայն, բացառում է, թե որեւէ համարանիշի դեպքում աչք կփակեն. - «Այս ամեն ինչը հենց արված է նրա համար, որպեսզի ոչ մեկի ծանոթությունը, բարեկամները դեր չխաղան… Սիստեմն այնպես է սարքված, որպեսզի որեւէ մեկը չկարողանա միջամտել»:

Իսկ մեր դիտարկմանը, թե միեւնոյւն է մնում է մարդկային գործոնը, քանի որ օպերատորն է արձանագրում խախտումը, տեսնում մեքենայի պետհամարանիշը, Վահագն Աղանիկյանը արձագանքեց. - «Այո… Բայց նաեւ ասեմ, որ հինգ տարբեր մակարդակներով հսկվում է բոլորի աշխատանքը»:

Տեսախցիկների քանակը աստիճանաբար ավելանալու է:

«Սեքյուրիթի դրիմ»-ը 10 միլիոն եվրո է ներդրել, առաջիկա 25 տարվա ընթացքում ստանալու է որպես տույժ վճարված գումարի 70 տոկոսը:

Your browser doesn’t support HTML5

Տեսախցիկներն արդեն գործում են