Այսօր ուրբաթ է, ամսի 13-ը

Մինչ շատերս ուրախանում ենք ուրբաթ օրվա անունը լսելիս, մոտակա ոչ աշխատանքային՝ շաբաթ եւ կիրակի օրերը հիշելով, որոշ մարդկանց մոտ հենց այն ուրբաթները, որոնք համընկնում են տվյալ ամսվա 13-րդ օրվա հետ, տհաճ զգացողություններ են արթնացնում:
Այսպիսի ուրբաթ օրերը շատերն են համարում ոչ նպաստավոր ճամփորդության գնալու, ամուսնանալու կամ ցանկացած նոր գործարք սկսելու համար: Բազմաթիվ բժիշկներ աշխատում են վիրահատություններ չնշանակել այս օրը, Անգլիայում պաշտոնապես չի գործում Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը, իսկ ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում օրենք կա, ըստ որի բոլոր սեւ կատուների տերերը այս օրերին իրենց կենդանիներին զբոսանքի թողնելուց առաջ՝ պետք է նրանց վզկապներին զանգակներ ամրացնեն:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանն ասում է, որ այս օրվա նկատմամբ վախը հասարակ մարդկային սնահավատություն է: Նա խորհուրդ է տալիս այս օրվան ոչ միայն վերաբերվել որպես ցանկացած այլ օրվա, այլեւ սնահավատությունից ազատվելու համար որեւէ կարեւոր գործ ձեռնարկել հենց ուրբաթ օրը, ամսի 13-ին. - «Դա կարող է ամուսնության հետ կապված լինել, անգամ երեխայի ծնունդի, պարզապես մի շատ կարեւոր հարց լուծել այդ օրը»:

Այս օրը նաեւ կոչում են «սեւ» ուրբաթ: Տարբեր լեգենդներ են փորձում բացատրել ամսի 13-ի ուրբաթ օրվա ոչ բարենպաստ նշանակությունը: Ըստ դրանցից մեկի՝ Ադամը եւ Եվան հենց ուրբաթ, 13-րդ օրն են ճաշակել արգելված պտուղը, իրբեւ թե Կայենը ուրբաթ 13-ին է սպանել իր եղբայր Աբելին, իսկ Հիսուսին հրեական օրացույցով հենց այս օրն են խաչել:

«Աստվածաշնչյան որեւէ պատում չկա, որ դա եղել է ուրբաթ, ամսի 13-րդ օրը, այդ թիվը պարզապես չկա», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը: Նա համաձայնեց, որ այս օրը վատը կարող է դառնալ զուտ մարդու ներշնչանքի հետեւանքով:

Ուրբաթ 13-ից վախի երեւույթը նույնիսկ իր գիտաբժշկական անվանումն ունի՝ պարասկավեդեկատրիաֆոբիա:

Ըստ մեկ այլ, բայց արդեն պատմական փաստի, Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Չորրորդը 1307 թվականի հոկտեմբերի 13-ին, որը, ինչպես արդեն կռահեցիք, ուրբաթ օր էր, հրամայել է ձերբակալել միջնադարում բավականին հզոր եւ հարուստ տամպլիերների միաբանության բազմաթիվ ներկայացուցիչների, որոնց հետագայում վառել են խարույկների վրա կամ գլխատել՝ որպես հերետիկոսների:

Իսկ 1791 թվկականին բրիտանական իշխանությունները որոշում են վերջ դնել ուբաթ 13-ի հետ կապված սնահավատություններին եւ հենց այդպիսի մի օր սկսում են մի մեծ նավի շինարարություն: Այն անվանում են «Որբաթ», եւ, բնականաբար, նավն իր առաջին նավարկությանը դուրս է գալիս ուրբաթ օր, ամսի 13-ին, սակայն… հետ չի վերադառնում: Այդ օրվանից անգլիացի նավավարները, ցանկացած պատճառաբանությամբ, դուրս չեն գալիս ծով ուրբաթ, ամսի 13-ին:

Իսկ իսպանացի նավաստիները՝ հակառակը, այս օրը բարենպաստ են համարում նավարկության համար, քանի որ Քրիստափոր Կոլումբոսը հենց այս օրն է սկսել Ամերիկայի հայտնագործությամբ ավարտված իր նավարկությունը:

Յոհան Վոլֆգանգ Գյոթեն այս օրերը նախընտրում էր անցկացնել տանը՝ անկողնում, Նապոլեոն Բոնապարտը զերծ էր մնում ռազմական գործողություններից, իսկ Գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը եւ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ Առաջինը այսպիսի օրերին ոչ մի պայմանագիր չէին ստորագրում:


Your browser doesn’t support HTML5

Այսօր ուրբաթ է, ամսի 13-ը (пятница 13-е)