Իրանում միջուկային ֆիզիկայի մասնագետ է սպանվել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր սպանվել է միջուկային ֆիզիկայի մասնագետ, համալսարանական պրոֆեսոր, «Նաթանզ» միջուկային ձեռնարկության աշխատակից Մոսթաֆա Ահմադի Ռոհսանը։ Այդ մասին հաղորդել է իրանական Fars լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդագրությունների` մոտոցիկլետով անձինք մոտեցել են Ռոհսանի վարած ավտոմեքենային եւ դրան կպցրել մագնիսական ռումբը, որի պայթյունից մահացել է գիտնականը, իսկ ավելի ուշ հիվանդանոցում` մեքենայի երկու ուղեւորներից մեկը։

Իրանական Fars լրատվական գործակալությունը «ահաբեկչական հարձակում» է որակել տեղի ունեցածը։ Թեհրանի փոխնահանգապետ Սաֆարլի Բարաթլուն գործակալության հետ զրույցում սպանության համար մեղադրել է Իսրայելին` հիշեցնելով նաեւ մեկ տարի առաջ Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մասուդ Ալի Մոհամադիի սպանությունը։

Իրանի փոխնախագահ Մոհամադ-Ռեզա Ռահիմին, իր հերթին, ISNA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է, թե հարձակման ետեւում կանգնած են «իմպերիալիստական տերությունների գործակալները», եւ վստահեցրել, որ այս սպանությունը չի կասեցնի պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի առաջընթացը։