Հայոց ցեղասպանության օրինագիծը Ֆրանսիայի Սենատը կքննարկի հունվարի 23-ին

Ֆրանսիայի Սենատի նիստերի դահլիճը

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, որոշել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը քննարկել հունվարի 23-ին։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը։

«Այսօր Սենատի վարչական խորհուրդը, որը որոշում է Սենատի օրակարգերը, այսինքն` դիվանը, հաստատեց, որ ամսի 23-ին է», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վարժապետյանը։

Ըստ նրա` հարցը պետք է լսվեր հունվարի 24-ին, բայց որոշում է կայացվել մեկ օր շուտ սկսել, «որովհետեւ երկու օրվա վրա է լիագումար նիստը` 23 եւ 24, ցանկացան 23-ին անել, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենան քննարկելու եւ քվեարկելու` երկուշաբթի օրը, եւ վերջին օրվան չմնա քննարկումը»։ «Բայց պահանջը, որ եղավ 24-ին 23-ին փոխանցելու` կառավարությունն է, որ պահանջել էր», - ընդգծեց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավարը` հաստատելով, որ հարցը պաշտոնապես Սենատի օրակարգում է, եւ նշանակված է քննարկման օրը. - «Քննարկման եւ քվեարկության, բնականաբար»։

Թե ներկայումս մոտավորապես ինչպիսին է օրինագծին կողմ եւ դեմ ձայների հարաբերակցությունը Սենատում` այդ առնչությամբ Հրաչ Վարժապետյանը ասաց. - «Ներկա պահի դրությամբ, մեր հաշվարկներով եկել ենք այն եզրակացության, որ թե՛ իշխող աջակողմյան կուսակցության մոտ, թե՛ ընդդիմադիր Ընկերվարական կուսակցության մոտ որոշ կոնսենսուս կա երկուսի միջեւ, եւ 65 տոկոսով, այսօրվա դրությամբ, կարող է թեր (կողմ) քվեարկվել։ Բայց միշտ էլ, անշուշտ, քաղաքական կյանքում վերիվայրումներ կարող են պատահել, եւ վերջին պահին քաղաքական ինչ-ինչ ճնշումներով եւ ինչ-ինչ հաշվարկներով կարող է փոփոխության ենթարկվել։ Բայց ներկա պահի դրությամբ` 65 տոկոսով թեր կքվեարկվի եւ, կարծում եմ, օրենքը կանցնի` կհաստատվի նաեւ Սենատում»։

Անցած ամիս Ֆրանսիայի Ազգային ժողովի հավանությանը արժանացած օրինագծով նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտողների նկատմամբ։

Պաշտոնական Անկարան կտրուկ հակազդեցություն ցույց տվեց ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից օրինագծի ընդունմանը եւ այժմ ջանքեր է գործադրում վերին պալատի կողմից դրա հաստատումը կանխելու ուղղությամբ։