Արվեստի գործիչները` ավարտվող տարվա մասին

Լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը ավարտին մոտեցող 2011 թվականի մասին իրենց խոհերն ու մտորումները կիսեցին դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, արվետագետ Լեւոն Իգիթյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ դերասան Ազատ Գասպարյանը:
Լեւոն Իգիթյանը հարկ համարեց խորհուրդ տալ լրագրողներին «չդառնալ կոմպյուտերների կենսաբանական կցորդը», փոխարենը հաճախել ցուցահանդեսներ. - «Հանճարեղ նկարիչներ ունենք, հանճարեղ երեխաներ ունենք, հավասարը չկա: Դուք կողքին ապրում եք, այդ ամենը չեք տեսնում»:

«Երբ մի դեպուտատ մյուսի շորն է պատռում, դրանով մի զբաղվեք», - շարունակեց նա. - «Փնտրեք լավ բաներ: Մեր կյանքում շատ լավ բաներ էլ են լինում»:

Ազատ Գասպարյանը փոքր-ինչ տրտմությամբ շեշտեց, որ այս տարի էլ թատրոնը մեր հասարակության մեջ տեղ չգտավ. - «Շնորհավորելով գալիք Նոր տարին` կուզեի, որ դուք էլ` լրագրողներդ, մի քիչ ակտիվանայիք դեպի թատրոնը, դեպի հանդիսատեսը… Որովհետեւ շատ կարեւոր է թատրոն ասածը, ե’ւ վտանգավոր է, ե’ւ կարեւոր»:

Լեւոն Իգիթյանի համոզմամբ, առհասարակ մշակույթը շատ վտանգավոր ու կարեւոր գործոն է մեր կյանքում. - «Խոսքն այն մասին է, որ մենք այդքան թույլ չենք, ինչքան թվում է… Մեզ հետ ամբողջ աշխարհը պիտի խոսի [ինչպես] հավասարը հավասարի հետ: Իսկ դա կախված է նրանից, թե գեղագիտական, հոգեւոր մթնոլորտը, գոնե Երեւանում, ինչ վիճակում է»:

Կարինե Խոդիկյանին անցնող տարում տպավորել են Սալվադոր Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Երեւանում, Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ի հայերեն թարգմանությունը:

«Ուրախ եմ, որ իրոք մշակութային առումով մենք բաց դռների քաղաքականություն ենք վարում եւ, իհարկե, կարողանում ենք մեր արժեքը հանել դուրս եւ դրսի արժեքը բերել ներս», - նշեց Լեւոն Անանյանը:




Your browser doesn’t support HTML5

Արվեստի գործիչները` ավարտվող տարվա մասին