Մարզիկներն ամփոփեցին 2011-ը

Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը եւ ըմբշամարտիկ Ռոման Ամոյանն այսօր ամփոփեցին սպորտային տարին:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, չնայած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում զբաղեցրեց երրորդ տեղը եւ դուրս մնաց հետագա պայքարից, բայց գեղեցիկ ու արդյունավետ ֆուտբոլ ցուցադրեց: Հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը, ով այս տարի արժանացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը նշեց, որ ամեն ինչ անելու են եկող մրցաշարերում լավ հանդես գալու համար:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Հայաստանի 2011 թվականի լավագույն մարզիկ, Եվրոպայի 2011 թվականի առաջնության հաղթող, միջազգային Գրան պրիի եւ Ա կարգի մրցաշարերում հաղթած Ռոման Ամոյանը, այդուհանդերձ, նշեց, որ իրեն ամեն ինչ չէ, որ հաջողվեց այս տարի, քանի որ Ստամբուլում կայացած աշխարհի վարկանիշային առաջնությունում վնասվածք ստացավ եւ անհաջող ելույթ ունեցավ: Իսկ 2012-ին սպասվող երեք վարկանիշային մրցաշարերի մասին Ռոմանը նշեց, որ լավ հանդես գալու համար բոլոր հնարավորություներն ունենք:

«Մեր թիմը բավականին լավ թիմ է, եւ հույս ունենք, ոչ միայն այս մրցաշարերում, այլեւ գալիք օլիմպիական խաղերում լավ հանդես գալու», - ասաց նա:

Ֆուտբոլային աշխարհում իրեն լավ դրսեւորած ցանկացած երիտասարդ խաղացողի անվան շուրջ հաճախ լուրեր են պտտվում, թե նրանով հետաքրքրվում է այս կամ այն հեղինակավոր ակումբը: Հայաստանի հավաքականի լավ ելույթներից հետո մեր ֆուտբոլիստներն էլ բացառություն չկազմեցին, եւ այժմ լուրեր են շրջանառվում, թե Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:

«Ինքս այդ մասին իմացել եմ ինտերնետային կայքերից եւ միակ բանը, որ կարող եմ ավելացնել, դա այն է, որ մինչեւ 2015 թվականը պայմանագիր ունեմ Դոնեցկի «Շախտյորի» հետ եւ այն կատարելու եմ մինչեւ դրա ավարտը: Իսկ եթե մինչ այդ կլինեն ինձնով հետաքրքրված ակումբներ, դա արդեն ակումբների ղեկավարության գործն է», - ասաց Հենրիխ Մխիթարյանը:

2012-ին սկսվելու են 2014 թվականի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղերը: Հայաստանն ընդգրկված է B խմբում` Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի հավաքականների հետ: Խոսելով հավաքականի՝ խմբից դուրս գալու հնարավորությունների մասին, Հենրիխը նշեց. - «Մինչեւ ընտրական փուլը, դեռ ընկերական խաղեր ունենք, որոնցից հետո միայն պարզ կդառնա հավաքականի վերջնական կազմը: Իսկ դուրս կգանք խմբից, թե ոչ դեռ կանխատեսումներ չեմ ուզում անել»:

Իսկ հարցին` իրեն համարո՞ւմ է լիդեր, թե՞ ոչ, պատասխանեց, որ զուրկ չէ լիդերի հատկանիշներից. - «Ինձ համար լիդերը ամբողջ թիմն է, հենց մեր վերջին խաղը դա ցույց տվեց, երբ պարտվելով 2-0 հաշվով եւ խաղալով 10 հոգով մեր մեջ ուժ գտանք եւ պայքարեցինք մինչեւ վերջին րոպեն»:

Your browser doesn’t support HTML5

Մարզիկներն ամփոփեցին 2011-ը