Պարենային զամբյուղում կրկին աճ է 17 տոկոսով

«Օքսֆամ» բրիտանական կազմակերպությունը Տնտեսական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի հետ համատեղ ուսումնասիրել են 2011 թվականին Հայաստանում պարենային ապրանքների գները` հաշվի առնելով նաեւ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվական բազան:
Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ելենա Մանուկյանը նշում է, որ վերջնական եզրահանգումները բնավ էլ գոհացուցիչ չեն:

«Մենք տեսնում ենք, որ 2010 թվականի համեմատ պարենային զամբյուղի գնաճը կազմել է 17 տոկոս, ավելի հետաքրքիր է, որ կարտոֆիլի գնաճը կազմել է 87 տոկոս, մսամթերքինը` 36 տոկոս, կաթնամթերքինը` 19 տոկոս եւ հացամթերքի գնաճը 16 տոկոս», - նշում է Մանուկյանը:

Փորձագետի խոսքով կան մթերքներ, որոնց թանկացումները ենթարկվում են տնտեսագիտական տրամաբանությանն ու թանկացման պատճառները բացատրել դժվար չէ, օրինակ` հացամթերքի դեպքում. - «2010 թվականից Ռուսաստանն իր արտահանման վրա սահմանափակում դրեց, որը բնականաբար Հայաստանի վրա ազդեց եւ գների զարգացումները Հայաստանում մինչեւ 2011 թվականի մայիսը գնաճային էին: Դրանից հետո հացամթերքի գինը գնալով իջնում է, բայց դեռ չի իջել մինչեւ այն մակարդակը, որ ունեինք 2010 թվականին»:

2010 թվականի համեմատ կարտոֆիլի թանկացումը 87 տոկոսով Ելենա Մանուկյանը բացատրել չի դժվարանում. - «2010-ին ընդառաջ կարտոֆիլի գինն էժան էր, ու բնակչությունը որոշեց ցանել կարտոֆիլ: 2010 թվականի ապրիլին այն արժեր 105 դրամ, ապա մի քանի ամիս հետո դարձավ 275 դրամ, իսկ 2011 թվականի մարտ-ապրիլ ամսիներին մոտ 70 տոկոս գնաճ գնաց: Այսինքն խոսքը գնում է գյուղացու մոտ գին պահելու բնավորությունից: Այն ուշ փչացող ապրանք է, պահելը դժվար չէ, բայց պահը կգա, որ կարտոֆիլը կսկսի փչանալ եւ գյուղացին կսկսի գին իջացնել»:

Փորձագետը նշում է, որ իրենց համար անհասկանալի է հատկապես կաթնամթերքի թանկացումը: Մածունն այս տարվա օգոստոսին թանկացել է 5 տոկոսով, թթվասերը 7 տոկոսով` այն դեպքում, երբ կաթը թանկացել է 0,1 տոկոսով:

Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Գագիկ Թորոսյանը նշում է, որ գնաճն առաջին հերթին ազդում է սոցիալապես անապահով խավի վրա:

Ամբողջ աշխարհում ամանորյա զեղջեր են, իսկ Հայաստանում` միայն թանկացումներ:

Թորոսյանը նշում է, որ դա խորքային պատճառներ ունի, որոնց վրա էլ պետք է կենտրոնացնել ուշադրությունը.- «Այստեղ զսպողը պետք է հանդիսանա պետութունը եւ միգուցե շատ ապրանքների մասով կիրառի այլ քաղաքականություն, այսինքն` գների սահմանում: Երկրում փորձն արվեց` մոտ 30 ապրանքների մասով ընդունվեց օրենք, բայց շատ հապճեպ ընդունվեց, որովհետեւ դրա կարիքն այդ պահին կար, բայց գուցե պետք է այդ օրենքը վերանայել ու կոնկրետ այն ապրանքների մասով, որոնք ավելի շատ սոցիալապես անապահով մարդկանց վրա են ազդում: Այդ ամենը միանշանակ պետք է կարգավորել պետության միջնորդությամբ»:

Your browser doesn’t support HTML5

Պարենային զամբյուղում կրկին աճ է 17 տոկոսով