Մոսկովյան դատարանը կքննի ընդդիմադիր գործչի պաշտպանների բողոքը

Ռուսաստան - Մոսկվայի Տվերսկոյ դատարանի շենքի մոտ ի պաշտպանություն Սերգեյ Ուդալցովի անցկացվող ակցիան, 26-ը դեկտեմբերի, 2011թ.

Մոսկվայի Տվերսկոյ դատարանում այսօր նախատեսված է ռուս ընդդիմադիր գործիչ, «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովի պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը` կապված նրա ձերբակալության հետ:

Կիրակի օրը Սերգեյ Ուդալցովի նկատմամբ, ով արդեն իսկ կալանավորված էր 15 օրով, դատարանը եւս 10 օրվա կալանքի որոշում կայացրեց:

Դատարանը մեղավոր ճանաչեց Ոդալցովին երկու ամսվա վաղեմության միջադեպի` հոկտեմբերի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ իր կազմակերպած միանձնյա պիկետի ընթացքում ոստիկանությանը չենթարկվելու համար:

Այս որոշման դեմ բողոքի քննությունը, որ նախատեսված էր երեկ, չկայացավ: Դատարանի շենքի մոտ հավաքվել էր շուրջ 200 մարդ, նրանք պիկետ են անցկացրել ի պաշտպանություն Ուդալցովի:

Ուդալցովի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի կարող ներկա գտնվել երեքշաբթի օրվա նիստին, քանի որ շարունակում է մնալ հիվանդանոցում: Ընդդիմադիր գործչի առողջական վիճակը վատ է հացադուլի պատճառով:

Երեկ երեկոյան դատարանի շենքի մոտ էին եկել նաեւ 15-օրյա կալանքից հետո օրերս ազատ արձակված ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնին եւ Իլյա Յաշինը, ինչպես նաեւ Գարի Կասպարովը:

Նավալնին Ուդալցովին եւս 10 օրով անազատության մեջ պահելու դատարանի որոշումը հաշվեհարդար է որակել:

«Սա հաշվեհարդար է քաղաքական ակտիվիստի նկատմամբ, եւ տեղի ունեցողը շատ տարօրինակ է, քանի որ, մի կողմից, Կրեմլը ասում է, որ զանգվածային անկարգություններ չպետք է լինեն, սակայն նրանք ամեն ինչ են անում` այդ անկարգությունները սադրելու համար, եւ այս բացարձակապես ոչ իրավական որոշումը եւս մեկ քայլ է այդ ուղղությամբ», - հայտարարել է Ալեքսեյ Նավալնին։

Ռուսաստանի հանրային խորհուրդը պահանջել է տրամադրել գործի եւ Ուդալցովի առողջական վիճակի հետ կապված բոլոր փաստաթղթերը: