Ջհանգիրյանը վստահ է, որ դատաիրավական համակարգը չի բարեփոխվի

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դատաիրավական համակարգի պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ դժգոհություն արտահայտեց ոլորտում լուրջ փոփոխությունների բացակայության առնչությամբ:

Հայտարարելով, որ քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների, նախագահը առաջարկեց անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն:

Մեկնաբանելով նախագահի խոսքերը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, այժմ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «խայտառակ» որակեց արդարադատության բնագավառի վիճակը: Ջհանգիրյանը հայտարարեց, որ ոլորտը «խորը» ճգնաժամի մեջ է: - «Այդ ճգնաժամը հատկապես խորացել է 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած ռազմական հեղաշրջումից հետո, երբ ոստիկանությունը, ազգային անվտանգության համակարգը, դատախազությունն ու դատարանները վերածվեցին ընդդիմության քաղաքական հետապնդման գործիքի», - նշեց նա: - «Մեր իրավապահ մարմինները, մեր դատարանները գործում են բացարձակ օրենքից դուրս, օրենքը կիրառում են միայն այն դեպքում, երբ իրենց ձեռք է տալիս, երբ ձեռք չի տալիս` չեն կիրառում»:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալը առաջարկեց «անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչներին, դատախազներին, դատավորներին պատժելու գործընթացը սկսել հենց մարտի 1-ի գործերով որոշումներ կայացրած անձանցից»:

«Կան այդպիսի մոտ 100 ապօրինի դատավճիռներ, որոնցից մոտ 50-60-ը արդեն բողոքարկված է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Թող վերցնեն այդ դատավճիռները, բեկանեն, կանխեն եվրոպական դատարանի կողմից այդ ապօրինի դատական ակտերով բեկանումներն ու պետությանը հարյուր հազարավոր եվրոների տույժերն ու տուգանքները», - ասաց Ջհանգիրյանը` իսկույն էլ հայտարարելով. - «Թող կանխեն, բեկանեն այդ ակտերը եւ պատասխանատվության կանչեն մեղավորներին: Ինչո՞ւ չեն բեկանում այդ դատավճիռները, ո՞վ է նրանց ձեռքերը բռնել: Ինչ` այդ գործերով չի կարելի, մյուս գործերով պե՞տք է անել: Ես վստահ եմ, որ ոչինչ էլ չեն անելու»:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալը թերահավատ էր, որ այս խորհրդակցության արդյունքում որեւէ էական փոփոխություն կարող է արձանագրվել: Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց մարտի 1-ի գործի քննությանը նոր թափ հաղորդելու նախագահի հանձնարարականը. - «Անցել է 7-8 ամիս: Ի՞նչ են արել: Ոչ մի բան: Ինչո՞ւ չեն արել: Կարծում եմ սա մի քիչ քարոզչական PR ակցիա է, որ` տեսեք, տեսեք դժգոհ ենք ձեզանից: Եվ ժողովրդի մոտ ինչ-ինչ հույսեր են ուզում արթնացնել, թե ունակ են փոփոխություններ կատարելու: Հրապարակային հայտարարում եմ ` ունակ չեն, որովհետեւ իրավապահ ու դատական համակարգերի ապօրինի գործողությունների ու որոշումների արդյունքում պահպանվել է այս բռնազավթված իշխանությունը: Այս իշխանությունը չի կարող ինքն իրեն բարեփոխել: Հենց որ իրականում ձեռնամուխ լինի ինքն իրեն վերափոխելուն` մի շաբաթում կփլուզվի, վստահ եմ»:

Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով դատաիրավական համակարգի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած մտահոգություններին` կարեւոր համարեց, որ «իրերը սկսել են կոչվել իրենց անուններով»: Թեեւ կոնկրետ անուններ չնշվեցին, հայտնի չէ նաեւ, թե ինչ կհաջորդի Սերժ Սարգսյանի հայտարարություններին, բայց սա, Փաստաբանների պալատի փոխնախագահի կարծիքով, հստակ ուղերձ է համակարգին:

«Տոների նախօրեին սա շատ լավ հաղորդագրություն է այդ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել», - ասաց Արա Զոհրաբյանը, - «Այսօր դատաիրավական համակարգի վիճակն այնքան էլ լավ չէ, բայց չեմ կարող չարձանագրել, որ կան նաեւ դրական միտումներ»:

Your browser doesn’t support HTML5

Ջհանգիրյանը վստահ է, որ դատաիրավական համակարգը չի բարեփոխվի