«Բարգավաճ Հայաստանը» միայնակ կմասնակցի ընտրություններին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի փոխել առաջիկա խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելու՝ իր դիրքորոշումը։

«Ո՛չ մեր կուսակցությունում, ո՛չ կոալիցիայում [Հանրապետկան կուսակցության հետ] միասնական ցուցակի վերաբերյալ քննարկումներ չեն եղել։ Ես չեմ հասկանում, թե միասնական ցուցակի թեման ինչո՞ւ է դրվել շրջանառության մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա վկայակոչեց մամուլին ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հոկտեմբերի 3-ին տված հարցազրույցը, որտեղ Ծառուկյանը հստակ հայտարարել էր ընտրություններին միայնակ գնալու մասին։

«Որեւէ բան չի փոխվել, որպեսզի դիրքորոշումն էլ վերանայվեր», - հավելեց ԲՀԿ-ի պատգամավորը՝ հավելելով, որ կուսակցության ցուցակի շուրջ քննարկումներ կլինեն արդեն փետրվարի սկզբին։

«Փետրվարի սկզբին, որովհետեւ դուք գիտեք՝ արդեն մայիսին ընտրություններն են, եւ կան համապատասխան ընթացակարգեր, թե երբ պիտի ընտրական ցուցակները ներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով», - նշեց Նաիրա Զոհրաբյանը։ - «Ես վստահ եմ, որ մեր կուսակցության ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, որովհետեւ դուք գիտեք կուսակցության նախագահի ունեցած վարկանիշը, եւ, բնականաբար, մեր կուսակցությունը անպայմանորեն եւ միանշանակ գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը»։

Հիշեցնենք՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ - ԲՀԿ միասնական ցուցակով հանդես գալու հնարավորության մասին ասեկոսները աշխուժացան հատկապես այն բանից հետո, երբ նոյեմբերի վերջին իրավապահները քրեական հետապնդում սկսեցին ԲՀԿ-ի մի քանի ներկայացուցիչների եւ համակիրների դեմ՝ նրանց կասկածելով թմրանյութերի շրջանառության մեջ: Սա մամուլին ու քաղաքական ընդդիմությանը հիմք տվեց ենթադրել, որ նախագահ Սերժ Սարգսյանը նպատակ է դրել ճնշումների միջոցով հնազանդեցնել Գագիկ Ծառուկյանին եւ հարկադրել ընտրություններում միանալ Հանրապետականին:

Այդ օրերին Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ, կոչ անելով ԲՀԿ-ի նկատմամբ նման «աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացներ չծավալել եւ վհուկների որս չսկսել», թեեւ հստակ չէր, թե կոչը ում է ուղղված։ ԲՀԿ-ականների նկատմամբ քրեական հետապնդումները կարծես թե դադարեցին այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը կարճատեւ արձակուրդն ավարտեց եւ վերադարձավ Հայաստան: Այդ ժամանակ լրատվամիջոցները տարածեցին, որ Ծառուկյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Մեկնաբանելով վերոհիշյալ քրեական հետապնդումները՝ Նաիրա Զոհրաբյանը դրանք որակեց ոչ թե որպես ԲՀԿ-ի դեմ քաղաքական ճնշում, այլ` իրավական գործընթաց։

«Հստակ կարող եմ ասել, որ, այո՛, իրավապահ համակարգի հետ որոշակի խնդիրներ եղել են, եւ այնուհետեւ իրավապահ համակարգի պարզաբանումներից հետո իրավիճակը շտկվել է», - մանրամասնեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ ընդգծելով, որ այժմի չի ցանկանում իր անձնական տեսակետները մեկնաբանել, ինչպես նաեւ չի ցանկանում «իրավական գործընթացներին քաղաքական գնահատական տալ»։

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հերքեց նախագահ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հակասությունների վերաբերյալ հրապարակումները։

«Ես բացարձակապես անիմաստ եմ համարում փորձել Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ այս կարգի հրապարակումներով անվստահության մթնոլորտ սերմանելը, չեղած հակասությունների մասին ինչ-որ վերլուծություններ հրապարակելը։ Նման բան չկա, աշխատանքային, մարդկային, նորմալ հարաբերություններ են», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Your browser doesn’t support HTML5

«Բարգավաճ Հայաստանը» միայնակ կմասնակցի ընտրություններին