«Աշտարակ կաթը» հերքում է «ավանդական տեսականու մեջ» բուսական յուղի օգտագործումը

«Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ, որով, ըստ էության, հերքեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այն մեղադրանքը, թե «Աշտարակ կաթը» կաթնամթերքի արտադրության մեջ կոկոսի յուղ է օգտագործում։

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ «Աշտարակ կաթի» ավանդական տեսականու մեջ՝ կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ, իսպառ բացակայում է բուսական յուղ։ Կան արտադրատեսակներ, որոնց բաղադրության մեջ անհրաժեշտ պայման է բուսական յուղի առկայությունը, ավելին՝ նրա օգտագործման թույլատվությունը ամրագրված է պետականորեն հաստատված տեխնիկական պայմաններով», - նշեց Ստեփան Ասլանյանը։

Հիշեցնենք, նախորդ շաբաթ ՏՄՊՊՀ-ն օրենքով սահմանված առավելագույն պատիժ կիրառեց կաթնամթերքի շուկայի 3 խոշոր տնտեսվարողների՝ «Աշտարակ կաթի», «Դուստր Մարիաննայի» եւ «Անի կաթ» ընկերությունների նկատմամբ։ «Աշտարակ կաթը» տուգանվել էր 50 միլիոն դրամով։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կաթնամթերք արտադրող ընկերությունների մաքսային փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերել էր, որ ոլորտի 3 խոշոր ընկերությունները ներմուծում են մեծ քանակությամբ կոկոսի յուղ։ Փաստաթղթերով եւ լաբորատոր փորձաքննությամբ հիմնավորվել է, որ ներկրված յուղը օգտագործվում է կաթնամթերքի արտադրության մեջ, հայտարարել էր հանձնաժողովը։

«Աշտարակ կաթ» ընկերության ներկայացուցիչը չի ժխտում, որ բուսական յուղ է ներկրում, սակայն պնդում է, որ դրա օգտագործման մասին համապատասխան մակնիշմամբ տեղեկացնում է սպառողին։

«Ես չունեմ ոչ մի լաբորատոր հետազոտությունների պատասխաններ եւ մենք նույնիսկ համոզված չենք, որ դա արված է (ՏՄՊՊՀ-ի կողմից)։ Կլինե՞ն՝ թող բերեն ցույց տան», - ընդգծեց Ստեփան Ասլանյանը։

Հիշեցնենք, կաթնամթերք արտադրող «Անի կաթ» ընկերությունը, որը եւս բուսական յուղ օգտագործելու համար տուգանվել էր՝ 5 միլիոն դրամով, հայտարարել էր, որ իրենց համապատասխան արտադրատեսակներում բուսական յուղեր չեն օգտագործվել, եւ պատրաստվում են դատական կարգով վիճարկել հանձնաժողովի որոշումը։

Your browser doesn’t support HTML5

«Աշտարակ կաթը» հերքում է «ավանդական տեսականու մեջ» բուսական յուղի օգտագործումը