Անցկացվեց առաջին Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթ-փառատոնը

Հեքըթոնը Սիլիկոնյան հովտում սկիզբ առած ծրագրավորման եւ նախագծերի լայնածավալ մրցույթ է` ուղղված համատեղ ուժերով եւ նոր տեխնոլոգիաների միջոցով առկա կամ առաջադրված խնդիրների լուծմանը:

Հայաստանում անցկացվող առաջին Հեքըթոնը նվիրված է Երեւանի խնդիրներին` տրասնպորտային համակարգին, աղբահանությանը, զբոսաշրջությանը, քաղաք-քաղաքացի կապի բարելավմանը եւ այլն:

Հայաստանի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը նշեց, որ մրցույթին մասնակցում են 35 թիմեր:

Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, որոնք կարող են կյանքի կոչվել ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքի խնդիրներով մտահոգ կառույցների կողմից:

Ծրագրավորող Սերգեյ Հայրապետյանի թիմը ներկայացրել է, ինչպես ինքն ասաց, այսօր Հայաստանում բավական արդիական խնդրի վերաբերող եւ անհրաժեշտ մի նախագիծ. - «Մտածում ենք այնպիսի գաղափար տալ, որ երկրաշարժից 15-20 վայրկյան առաջ մարդկանց բջջայիններին այդ մասին հաղորդագրություն գա: Այս համակարգը հաջողությամբ կիրառվում է Ճապոնիայում»:

Թիմերի ներկայացրած ծրագրերը շատ տարբեր են, դրանցից շատերը հաջողությամբ կիրառվում են ԱՄՆ-ում, Եվրոպական մի շարք երկրներում` փորձելով ավելի ապահով եւ հարմարավետ դարձնել մարդու կյանքը:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ, սա ոչ միայն հարթակ է երիտասարդների համար, այլեւ նրանց նորարար գաղափարները, առանց մեծ գումարներ ծախսելու, իրագործելու հնարավորություն:

Լավագույն թիմերը քաղաքապետարանի կողմից կստանան դրամական պարգեւներ, մրցանակներ եւ իրենց ծրագիրը կյանքի կոչելու եւ կիրառելու հնարավորություն: