Ֆիլհարմոնիկի ղեկավարը ահազանգում է

Armenia - the conducter of the Armenian state philharmonic orchestra, Eduard Topchyan, undated

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը գոհ է ավարտվող տարվա ընթացքում կատարված աշխատանքից, բայց միաժամանակ ահազանգում է, որ նվագախումբը կարող է զրկվել շատ երաժիշտներից:
Լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով մեկ տարվա աշխատանքը` Թոփչյանը նշեց, որ այս տարի լրացավ նվագախմբի հիմնադրման 85-ամյակը, նվագախմբի հիմնադրած Միջազգային երաժշտական փառատոնի 5-ամյակը, շեշտեց, որ նվագախմբի հրավերով տարվա ընթացքում արտասահմանից Հայաստան ժամանեցին ու համերգներով հանդես եկան բազմաթիվ անվանի երաժիշտներ:

Նվագախումբն արդեն 11 տարի ղեկավարող Թոփչյանը նաեւ իր խիստ մտահոգությունը հնչեցրեց այն կապակցությամբ, որ հաջորդ տարի նվագախումբը կարող է աստիճանաբար զրկվել իր շատ երաժիշտներից, ովքեր գրեթե ամեն տարի արտասահմանում աշխատելու առաջարկություններ են ստանում, բայց «դեռ դիմանում էին»:

«Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ եկող տարի երաժիշտներ էլ չունենանք: Որովհետեւ վտանգ եմ զգում, որ թափով սկսվելու է արտահոսքը: Որովհետեւ մարդիկ չեն կարողանում ապրել այստեղ: Հիմա 10 հոգի կորցնելու վտանգ ունենք», - ասաց նա` շարունակելով. - «Նրանք վաղուց հրավերներ ունեն: Եվ պատկերացրեք, թե այս մարդիկ ինչքան պատրիոտ են, որ շատերը շատ վաղուցվանից կարող էին այստեղ չլինել: Նրանց պահում է միայն այս նվագախումբը եւ` որ իրենց երկրում են: Մարդիկ ուզում են մնալ իրենց երկրում: Բայց ի վերջո գալիս է մի օր, որ մարդիկ հասկանում են, որ եթե կարող են այստեղից գնալ եւ 6-7 անգամ ավելի վաստակել, կամ 10 անգամ, իսկ ինչո՞ւ պիտի չանեն»:

Թոփչյանը վաղուց է բարձրաձայնում այս խնդիրը, որ չի կարելի երաժշտին այդքան քիչ վճարել. - «Մենք ունեցել ենք հայ երաժիշտներ, շուտով կարող է չունենանք: Ես 10 տարի է ասում եմ սա: 10 տարի առաջ, երբ ասում է` 10 տարի հետո այսպես է լինելու, ինձ ասում էին` սխալ ես ասում: Հիմա մենք տեսնում եմ, որ այն, ինչ որ ես ներկայացնում էի, շատ ավելի վարդագույն գույներով էր, քանի հիմա կա: Հիմա մենք ունենք վերջին, անփոխարինելի մարդիկ ամեն տեղ: Դեռ այսօր ունենք, հունվարի վերջին կոնկրետ մեր նվագախումբը կարող է շատ ուժեղ հարված ստացած լինի»:

«Մեր ունեցած բյուջեն եթե այսօր չքառապատկվի եւ դրա հետ մեկտեղ չստեղծվի նոր երաժշտական ակադեմիա, ուրեմն մեր ապրելը քիչ է լինելու», - եզրափակեց ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը:

Your browser doesn’t support HTML5

Ֆիլհարմոնիկի ղեկավարը ահազանգում է