Ինտերնետային ընթերցանությունը ուսանողական առօրյայում

Ուսանողության շրջանում տարածված է ոչ միայն ավանդական` տպագիր գրքերի ընթերցանությունը, այլ, այսպես կոչված օնլայն` ինտերնետային գրականության ընթերցումը: Այս երեւույթն անխուսափելի է դարձել գրեթե բոլոր ուսանողական հաստատություններում: Այն ունի ե’ւ դրական, ե’ւ բացասական հետեւանքներ:

2-րդ կուրսի ուսանողուհիներից մեկը իր դժգոհությունն է արտահայտում տվյալ երեւույթի առնչությամբ` չկա տպագիր գրականություն, դասերը սովորում է ինտերնետային տարբերակով, ինչպես ինքն է ասում, առողջության հաշվին:

«Բժշկի կողմից հակացուցված է եղել ինտերնետով գրականություն կարդալը, որովհետեւ տեսողական լուրջ խնդիրներ ունեմ: Բայց գրականությունը եղել է հիմնականում օնլայն ու օտարալեզու: Դասախոսները ասում են, որ հայ գրականություն չկա, ստիպում են հարմարվել ունեցածին, չնայած ամեն կերպ փորձում եմ պատրաստ գնալ, բայց դա արվում է իմ առողջության հաշվին», - ասում է ուսանողուհին:

Ակնաբույժ Լիլիթ Կիրակոսյանի խոսքերով` 10 տարի առաջ շատ հազվադեպ էին դնում չոր աչքի համախտանիշը, այժմ այս երեւույթը շատացել է հատկապես ուսանողության շրջանում:

«Համակարգչի մոտ անընդհատ նստող մարդկանց աչքերը միշտ լինում են կարմիր, արցունքակալված: Չոր աչքի համախտանիշը հիմա շատ տարածված է ուսանողների շրջանում: Գոնե մեկ, մեկ ու կես ժամը մեկ րոպեով պոկվել մոնիտորից, աչքերը փակել, ժամացույցի ուղղությամբ ու հակառակը շրջանաձեւ շարժումներ անել, բացել-փակել, վերեւ-ներքեւ նայել, կօգնի աչքի մկաններին թուլանալ», - ասում է ակնաբույժը:

Կիրակոսյանը հետեւյալ խորհուրդներն է տալիս համակարգչով ընթերցանությունը նախընտրողներին. - «Համակարգչի մոնիտորը պետք է լինի մոտ 60 սմ աչքերից հեռու, աչքերի մակարդակից մի փոքր ցած, եւ մոնիտորի վերին մասը պետք է 15 աստիճանով հետ թեքված լինի: Լույսի աղբյուրն էլ տեղադրված լինի այնպես, որ ամբողջությամբ այն չանդրադառնա մոնիտորի վրա»:

Գրականագետ Վահրամ Դանիելյանի համար ինտերնետային գրականություն հասկացությունը իր մեջ երկու իմաստ է ներառում: Առաջին իմաստով թվայնացված համաշխարհային գրականությունն է, երկրորդ իմաստով` հենց ինտերնետային պայմաններում ստեղծվող գրականությունը: Դանիելյանի ուսանողներից շատերը նախընտրում են հենց ինտերնետային նորագույն գրականությունն ընթերցել: Դասախոսը նշում է, որ այդպես երիտասարդները համատեղում են հաճելին օգտակարի հետ:

«Իմ ուսանողներից շատերը նույնիսկ նախընտրում են հանձնարարված դասական նորագույն գրականությունը կարդալ էլէկտրոնային տարբերակով, որովհետեւ չեն կտրվում իրենց առօրյա կենցաղից, ոնց հասկանում եմ կենցաղի մեծ մասը հենց համակարգչի դիմաց նստած է անցնում: Մյուս կողմից կարողանում են զվարճանքը, ժամանցը համատեղել օգտակարի հետ», - ասում է Վահրամ Դանիելյանը:

Տիգրանը ունի կարճատեսություն: Երկար ժամանակ հիմնականում ինտերնետով է ընթերցել, քանի որ իր նախընտրած գրքերի տպագիր տարբերակները չեն գտնվել: Հիմա ընթերցում է էլէկտրոնային գրքով, որն ավելի անվնաս է:

Անահիտի համար ինտերնետային գրականությունն առավել հարմար է անհատական աշխատանքների համար, քանի որ որոշ գրքեր շատ թանկ են կամ ընդհանրապես չկան գրադարանում:

Your browser doesn’t support HTML5

Ինտերնետային ընթերցանությունը ուսանողական առօրյայում