Նիկոյանն իր առաջին աշխատանքային այցը կատարեց Լեռնային Ղարաբաղ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն իր առաջին աշխատանքային այցը կատարեց Լեռնային Ղարաբաղ:

Խորհրդարանական պատվիրակությանը նախ ընդունեց ԼՂ Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվեցին փոխհամագործակցության հարցեր:

Հանդիպումից հետ լրագրողների հետ զրույցում Նիկոյանը նկատեց, որ ԼՂ խորհրդարանական դիվանագիտության մեջ շատ քիչ մասն է, որ վերաբերում է մարդու իրավունքներին, գենդերային հավասարությանը:

«Կարծում եմ, որ չօգտագործել հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի, ինչ-որ ձեւով` մասնակցային, ներառական ձեւով չփորձել դա օգտագործել, կարծում եմ, որ ճիշտ չի լինի: Մենք երկու պետություն ենք, բայց նույն ռեսուրսներն են: Եվ պետք է այդ ռեսուրսները կազմակերպված եւ համախմբված օգտագործել», - ասաց Նիկոյանը:

Հայաստանի Ազգային ժողովի խոսնակը հանդիպեց նաեւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանականների հետ, որի ընթացքում նույնպես խոսվեց համագործակցությունից:

«Մենք եկել ենք ձեզ ասելու, որ մենք պատրաստ ենք շարունակելու համագործակցության բարձր մակարդակը, որպեսզի լուծենք բոլոր այն խնդիրները, որ ծառացած են մեր երկու պետությունների առջեւ, մեր երկու խորհրդարանների առջեւ», - նշեց նա:

Նիկոյանը նաեւ կարեւորեց մամուլում ԼՂ քաղաքական գործիչների տեսակետների ներկայացումը եւ ղարաբաղցի պատգամավորներին լրատվամիջոցների հետ շփումներում ակտիվության կոչ արեց: