Մեկնարկեց արգենտինական ֆիլմերի փառատոնը

Դեկտեմբերի 9-ին «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում մեկնարկեց արգենտինական կինոյի փառատոնը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 11-ը:
«Մեր դեսպանության համար մեծ հաճույք է հայ հանդիսատեսին ներկայացնել վերջին 10 տարիների արգենտինական ֆիլմերի ցուցադրությունը: Ֆիլմերի ընտրության հարցում մեզ ուղղորդեց ողջ իսպանախոս աշխարհի եւ արգենտինական հանդիսատեսի շրջանում մեծ հաջողություն ունեցած արգենտինական ֆիլմերի ցուցադրությունը ձեզ ներկայացնելու հնարավորությունը: Այս երեք օրերի ընթացքում դուք հնարավորություն կունենաք դիտել տարբեր ժանրերի ֆիլմեր», - առաջին ֆիլմի ցուցադրությունից առաջ ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռիկարդո Վինյոլոն:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվի 5 ֆիլմ: Ցուցադրությունն ուղեկցվելու է անգլերեն տիտրերով:

Արգենտինացի ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելայի «Նրա աչքերի գաղտնիքը» 2009 թվականի օսկարակիր ֆիլմի ցուցադրությանը ներկա գտնվողներից թատերական ինստիտուտի ուսանողներն այնքան էին հիացել ֆիլմով, որ մոռացել էին անգամ քննադատելու մասին:

Ռիկարդո Վինյոլոյի օգնական Արուսյակ Սարգսյանն ասում է, որ առաջին անգամ են կազմակերպում փառատոնը, կազմակերպչական աշխատանքի մեծ մասը կատարել են դեսպանության աշխատողները.:

«Առաջին անգամ ենք կազմակերպում փառատոնը Հայաստանում: Հուսով ենք` շարունակական բնույթ կլինի: Արդյունքը ավելի լավ է նախօրոք չասել. դա կախված է նրանից, թե ինչքան հանդիսատես կունենանք բոլոր հինգ ֆիլմերի ընթացքում», - նշում է Արուսյակը:

Your browser doesn’t support HTML5

Մեկնարկեց արգենտինական ֆիլմերի փառատոնը