ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկը կկառուցվի ռուսական նախագծով

Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկը կկառուցվի ռուսական նախագծով եւ նույն հարթակի վրա:
Սերժ Սարգսյանը այսօր նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում նշել է, որ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ռուսական ԱԷԿ-92 նախագծին, որպես Հայաստանի միջուկային նոր էներգաբլոկի նախագիծ:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ 2010 թվականի օգոստոսին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ: Ռուսաստանը նախագծում մասնակցում է որպես ներդրող: Համաձայնագիրը նախատեսում է նաեւ փոխառնական միջոցների հնարավորություն, եթե նման անհրաժեշտություն ծագի:

Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը նաեւ տեղեկացրել է, որ շարունակվում են նոր էներգաբլոկի կառուցման համար այլ ներդրողների ներգրավման շուրջ բանակցությունները: Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպմանը քննարկել են միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախագծում ֆրանսիացի ներդրողների հնարավոր մասնակցության հարցը:

Նախագահը անդրադարձել է նաեւ ՀԱԷԿ-ի աշխատակիցների աշխատավարձի խնդրին` նշելով, որ ատոմակայանի ղեկավարությունը պետք է շտապ «որոշակի գործողություններ ձեռնարկի Հայաստանի ատոմային էներգետիկայի ենթակառուցվածքի եւ կայանի համար մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում նոր ատոմային կայան է հայտնվել, որտեղ աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան մեր ատոմակայանում»:

«Մենք պարտադրված ենք ուղղակի մեր էներգահամակարգի հիմքում ունենալու ատոմակայան, ատոմային էներգիա: Ուստի մենք պիտի կարողանանք համադրել մեզ համար ձեռնտուն եւ, իհարկե, անվտանգությունը», - նշել է երկրի նախագահը:

Ի դեպ, անդրադառնալով ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցմանը` Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ դրա կառուցման համար անհրաժեշտ ներդրումների 50 տոկոսը կիրականացնի ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը:

Նախարարի փոխանցմամբ, նոր ատոմակայանը կառուցվել է հնի հարեւանությամբ, նույն հարթակում: Նախնական հաշվարկներով, այն կարժենա 4.5 միլիարդ դոլար:

«50 տոկոսը կլինի «Ռոսատոմ» ընկերությունը, մյուս 50-ը` հավակնորդներ կան: Հիմա քննարկումներ են գնում… Հիմա դեռ ժամանակը չէ հնչեցնելու ինչ-որ բաներ: Բայց կան տարբեր երկրներից, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու այս պրոեկտին: Քննարկումներ են գնում, բանակցություններ են գնում… Բնականաբար, Հայաստանը կունենա իր մասնաբաժինը: Ի՞նչ չափով` կերեւա քննարկումների արդյունքում», - ասաց նախարարը:

Նախարարն անդրադարձավ նաեւ գործող ատոմակայանի կառավարման խնդրին` տեղեկացնելով, որ այսուհետեւ դրա կառավարումը իրականացնելու է հայկական կողմը:

«Ինտեր ՌԱՈ ԵԷՍ» ընկերությունը, հիշեցնենք, ՀԱԷԿ-ի կառավարումը ստանձնել էր 2003 թվականից: Քանի որ համապատասխան պայմանագրի ժամկետը լրանում է 2013 թվականին, ապա, փաստորեն, ռուսաստանյան ընկերությունը վաղաժամ է դադարեցնում ատոմակայանի համատարմագրային կառավարումը:

«Ինտեր-ՌԱՈ» ընկերությունում տեղի ունեցան կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում նա միայն զբաղվում է էլեկտրաէներգիայի առք ու վաճառքով: Բոլոր մյուս հզորություններով ուղղակի, ըստ նոր կանոնադրության, իրավունք չունի զբաղվելու», - պարզաբանեց նախարարը` շարունակելով. - «Եվ սա էր պատճառը, որ «Ինտեր ՌԱՈ»-ն դիմեց, որպեսզի կառավարման այդ գործընթացից ինքը դուրս գա… Կառավարումը կիրականացնի մեր ատոմակայանի ընկերությունը»:

Վերջերս Ազգային ժողովի նիստի ժամանակ կոմպյուտերային խաղ խաղալու փաստը, որը մեծ արձագանք ունեցավ մամուլում, մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան նախարարը ասաց. - «Եթե ուրիշ գրելու բան չեն գտնում, դա են գրում, ի՞նչ ասեմ»:

Նա համաձայնեց, թե «ոչ բոլոր ելույթներն են այնտեղ հետաքրքիր»:

Հարցին, թե իրեն վատ չի զգում, որ մամուլն այդքան գրեց, Մովսիսյանը արձագանքեց. - «Որ ասեմ` լավ եմ զգում, բնականաբար, այդպես չէ: Բայց ուղղակի զարմանում եմ, որ մամուլը դրանով են ծանրաբեռնում»:

Your browser doesn’t support HTML5

ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկը կկառուցվի ռուսական նախագծով