Սերժ Սարգսյանը կայցելի Մարսել

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Երեւան, 30-ը օգոստոսի, 2011թ.

Չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանելու է Մարսել։ Այդ մասին տեղեկացնում է Les Nouvelles d’Armenie պարբերականը։

Ըստ պարբերականի կայքէջում տեղադրված հաղորդագրության` սա պաշտոնական այց է, որի ժամանակ Հայաստանի նախագահը մասնակցելու է Եվրոպայի ժողովրդական կուսակցության պետական ղեկավարների 20-րդ նիստին։

Այս առիթով եւ ի պատիվ Հայաստանի նախագահի` դեկտեմբերի 7-ի երեկոյան Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը հանդիպում է կազմակերպելու քաղաքապետարանում` հայկական համայնքի մեծաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ըստ նույն աղբյուրի` հանդիպման ժամանակ արվելու են մի շարք շատ կարեւոր հայտարարություններ, որոնց վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվում։

Les Nouvelles d’Armenie-ն «պատմական եւ շատ կարեւոր» որակումն է տվել այդ հանդիպմանը, որին մասնակցելու են մոտ հազար հրավիրյալներ։

Ակնկալվում է, որ այդ հայտարարություններին մաս կկազմի Մարսելում հյուպատոսարան բացելու մասին որոշումը` ընդունված դեկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարության կողմից։

Մարսելի հայ համայնքը տոկոսային հարաբերությամբ ամենամեծ հայկական համայնքն է Ֆրանսիայում` մոտ 100 հազար հոգի։

Այցի ընթացքում Սերժ Սարգսյանին կուղեկցի մեծ պատվիրակություն, որում ընդգրկված կլինեն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, այլ նախարարներ եւ պատգամավորներ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը։