Սպառողների իրավունքները պաշտպանող օրենքները չեն կիրառվում

Հայաստանի սպառողական շուկայի ցանկացած վերլուծություն ակնհայտ է դարձնում, որ չնայած ոլորտում ներդրվող ջանքերին եւ շարունակական աշխատանքներին, այն դեռ շատ հեռու է բավարար լինելուց, փաստում Սպառողների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպությունը:

«Մինչ օրս էլ մեր սպառողները հաճախ բախվում են անորակ ներկրվող եւ տեղական ապրանքների, ժամկետանց սննդամթերքի, ինչպես նաեւ ցածրորակ ծառայությունների եւ ոչ պատշաճ սպասարկումների հետ: Նշանակում է, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտը արմատական փոփոխությունների կարիք ունի, եւ այդ փոփոխությունները պետք է կարգավորվեն օրենսդրական դաշտում», - երկուշաբթի կայացած մամլո ասուլիսին հայտարարեց կազմակերպության ղեկավար Լուսինե Յաղուբյանը:

ՀԿ-ի ներկայացուցչները պնդում են, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է ոչ միայն օրենք կիրարկում, այլեւ պետություն-բիզնես-սպառող համագործակցություն:

Հիշեցնենք` 2001 թվականին ընդունվել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը:

«Օրենքները կան, բայց դրանք կիրառելի չեն», - հայտարարեց Յաղուբյանը:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» 23-րդ հոդվածը, որը վերաբերում է պատշաճ որակի ապրանքը փոխարինելու իրավունքին, առաջին կետով ամրագրում է ապրանքը փոխարինելու սպառողի իրավունքի մասին, ապա երկրորդ կետում միայն նշվում է ապրանքի հետ վերադարձնելու մասին:

Յաղուբյանի խոսքով` շատ քիչ քաղաքացիներ են տեղյակ, որ օրենքում նման կետ կա: Ըստ հկ-ի ղեկավարի` իրենց դիմում է տարեկան շուրջ 1000 սպառող:

«Գերիշխող խախտումներից այնպիսի դեպքեր ենք ունեցել, որ կամ տոնավաճառից, կամ բրենդային մի քանի խանութներից գնել են թանկ զգեստներ կամ վարտիք, կամ մուշտակ, կամ կոշկեղեն, տարել են տուն եւ տեսել են, որ ինչ-ինչ պատճառներով իրենց հարմար չեն: Հետ են վերադարձրել խանութ, խանութը չի վերցնել», - ասաց Յաղուբյանը:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց այն խանութների անունները, որոնցում խնդիրն էին առաջացել:

«Օրինակ, «Արմենիո»-ի, «Ռոբերտո»-ի հետ կապված խնդիրներ են եղել: Սպառողը դիմել է մեզ, բացատրել ենք օրենքի դրույթը, եւ հարցը լուծվել է», - ասաց Չիլինգարյանը:

«Ռոբերտո» խանութից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ հասարակական կազմակերպության նշած դեպքը հնարավոր է, որ եղած լինի մեկ տարի առաջ, սակայն այսօր իրենք առաջնորդվում են օրենքով եւ 14 օրյա ժամկետում հաճախորդը կարող է օրենքով սահմանված կարգով հետ վերադարձնել գնած ապրանքը: «Արմենո» խանութից հերքեցին, որ իրենք գնված ապրանքը հետ չեն վերցրել:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը գործում է ավելի քան 10 տարի, սակայն մինչ օրս կազմակերպության անդամները շարունակում են բարձրաձայնել խնդիրների մասին, որոնք կային նաեւ 10 տարի առաջ: Հարցին, թե ինչո՞վ են բացատրում, որ իրենց մատնանշած խնդիրները լուծում չեն ստանում, Լուսինե Յաղուբյանը պատասխանեց. - «Մեր շնորհիվ միգուցե փոխվել է այն, որ մեր սպառողները հիմա գոնե կարողանում են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, կարողանում են պահանջել, պայքարել եւ ստանալ իրենց արժանին»:

Շարքային քաղաքացիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հիմնականում ասում էին, որ ապրանքը հետ չեն վերադարձնում, քանի որ խանութներում այդ մասին զգուշացումներ կան, կամ էլ «անիմաստ են համարում» հետ վերադարձնելը` խանութի աշխատակիցների հետ վիճելու ցանկություն չունենալու պատճառով:

Your browser doesn’t support HTML5

Սպառողների իրավունքները պաշտպանող օրենքները չեն կիրառվում