«Մանկական Եվրատեսիլ»-ի գլխավոր փորձի հաղթողը Շվեդիայի մասնակիցն է

«Մանկական Եվրատեսիլ - 2011»-ի գլխավոր փորձը, Երեւան, 2-ը դեկտեմբերի, 2011թ.

Ուրբաթ երեկոյան տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ - 2011»-ի եզրափակիչ համերգի գլխավոր փորձը:
Սովորաբար եզրափակիչ համերգից առաջ տեղի է ունենում գլխավոր փորձը, որը նույն շոուն է` մեկ տարբերությամբ միայն, որ միավորները եւ հաղթողը ձեւական են հայտարարվում: Այս ամենն արվում է եզրափակիչ շոուին տհաճ անակնկալներից խուսափելու եւ տեխնիկապես լավագույնս ներկայանալու համար:

13 մասնակից երկրները հանդես եկան նույն հերթականությամբ, որով ելույթ են ունենալու այսօր, նույն հագուստով եւ համարներով: Ելույթ ունեցան նաեւ Սիրուշոն եւ «Մանկական Եվրատեսիլ»-ը Հայաստան բերած Վլադիմիր Արզումանյանը։

Մեր երկիրը ներկայացնող Դալիթան հանդես եկավ չորրորդը: Ելույթների ավարտից հետո Երեւանից ուղիղ միացումով կապվեցին մասնակից երկրների ներկայացուցիչների հետ, որոնք էլ հայտնեցին 12-բալլանոց համակարգով իրենց քվեարկության արդյունքները:

Հատկանշական է, որ չնայած քվեարկությունը ֆիկտիվ էր, այդուհանդերձ` երկու երկրներ ստացան հավասար քանակությամբ միավորներ, ինչից հետո շոուի վարողները դիմեցին կազմակերպիչ Սիթսե Բաքերին, վերջինս էլ առաջարկեց նայել «Մանկական Եվրատեսիլ»-ի կանոնակարգը, ըստ որի` հաղթում է այն երկիրը, որը ամենից շատ 12 միավոր է ստացել: Այստեղ էլ էին երկրները հավասար, բայց ըստ մեծության հաջորդ՝ 10 միավորը ավելի շատ ստացել էր Շվեդիայի մասնակից Էրիկ Ռափը: Նա էլ ճանաչվեց գլխավոր փորձի հաղթող` իր Faller երգով:

Այսօր եզրափակիչ համերգի ավարտից հետո հեռուստադիտողների քվեարկությունը կտեւի 15 րոպե, իսկ հաղթողը կորոշվի 50 տոկոս` նրանց, եւ 50 տոկոս` պրոֆեսիոնալ ժյուրիի ձայներով: Տվյալ երկիրն էլ իր մասնակցի օգտին քվեարկելու իրավունք չունի: