Վիճաբանություն Ազգային ժողովում

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր վիճաբանություն տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի միջեւ:

Պատգամավորը նախ վիճի մեջ մտավ Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ: Մարտիրոսյանը հերթագրվել էր հարց հնչեցնելու համար, սակայն երբ նիստը նախագահող Նիկոյանը նրան հարցի իրավունք տվեց, «Ժառանգության» պատգամավորը չլսեց իր անունը, ինչից Նիկոյանը վրդովվեց եւ հանեց հարցի իրավունքը:

Երկրորդ վիճաբանությունը ծագեց այն պահին, երբ խորհրդարանի ամբիոնի մոտ կանգնած Արմեն Մարտիրոսյանը իր տեսակետներն էր հայտնում քննարկվող հարցի վերաբերյալ: Դահլիճում աղմուկ էր, եւ Մարտիրոսյանը պահանջեց դադարեցնել այն, որից հետո, ասաց, կշարունակի իր խոսքը:

Ընդդիմադիր պատգամավորի այս խոսքից խիստ բարկացավ Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով հայտարարեց, թե չի եկել Արմեն Մարտիրոսյանին լսելու, թող` «խոսա գնա ստից»: Այնուհետեւ Մովսիսյանը վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Մարտիրոսյանի հասցեին:

«Լարված իրավիճակ չկա»


«Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, այսօրվա միջադեպը մեկնաբանելով, ասաց` տեղի ունեցածը պետական մարմնին վայել չէ:

«Սա ցույց է տալիս պետականության նկատմամբ պատգամավոր կոչեցյալների արհամարհական վերաբերմունքը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը: - «Իրենք իրենց վերաբերմունքով ասացին, որ այստեղ գալիս են ընդամենը ներկայանալու, կոճակ սեղմելու»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Անահիտ Բախշյանը նաեւ ասաց, որ միջադեպից հետո Հանրապետական կուսակցությունը չի փորձել որեւէ կերպ հարթել իրավիճակը:

Նման իրավիճակներ աշխարհի բոլոր խորհրդարաններում մեկ-մեկ լինում են ...
Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյան...

«Ազգային ժողովում նման իրավիճակներից պետք է խուսափել, եւ դա հարիր չէ մեր Ազգային ժողովին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես ասաց Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` կարծիք հայտնելով, որ տեղի ունեցածը կարող է Հանրապետական կուսակցությունում քննարկման առարկա դառնալ:

Հարցին, թե փորձե՞լ են մոտենալ «Ժառանգությանը» եւ քննարկել ստեղծված լարված իրավիճակը, Մելիքյանը պատասխանեց. - «Կարծում եմ, որ լարված իրավիճակ չկա: Ընդհանրահպես, նման իրավիճակներ աշխարհի բոլոր խորհրդարաններում մեկ-մեկ լինում են, ծեծկռտուքներ են լինում: Բայց կարծում եմ, որ նման մեծ հետեւանքներ դա չի կարող ունենալ»:

Your browser doesn’t support HTML5

Վիճաբանություն Ազգային ժողովում