ՄԻԱՎ-ով վարակվածների կեսից ավելին կազմում են 25-39 տարեկանները

Հայաստանում վարակը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով:
ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական կենտրոնի տվյալներով` 1988 թվականից մինչեւ 2011 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1127 դեպք, որոնցից 148-ը` 2010 թվականի ընթացքում:

Հիվանդներից 797-ը տղամարդիկ են, 330-ը` կանայք, 22-ը` երեխաներ: ՄԻԱՎ-ով վարակվածների 57,1 տոկոսը կազմում են 25-39 տարեկանները:

Հայաստանում վարակը հիմնականում փոխանցվում է հետերոսեքսուալ ճանապարհով եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով:

«Դրական մարդկանց հայկական ցանց» Հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանի խոսքով, այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի հակազդման ազգային ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվում այս հիվանդության մասին հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, սակայն այդ ճանապարհին որոշակի խոչընդոտներ կան: Օրինակ` դպրոցներում առողջ ապրելակերպ եւ կյանքի հմտություններ առարկայի շրջանակներում նախատեսված է աշակերտների տեղեկացնել ՄԻԱՎ-ի ու նրա տարածման ուղիների մասին, սակայն դրա մասին խոսելը շատ դեպքերում մնում է ուսուցչի անհատական դիրքորոշմանն ու նախապատվությանը:

Անահիտ Հարությունյանը նշում է, որ պարտադիր է, որպեսզի երեխաներն իմանան, որ ՄԻԱՎ-ը փոխանցվում է արյան միջոցով, սեռական ճանապարհով եւ վարակված մորից ապագա երեխային: Վարակի ուրիշ աղբյուր գոյություն չունի. - «ՄԻԱՎ-ը չի փոխանցվում ձեռք սեղմելու միջոցով, ընկերական համբույրի միջոցով, գրկախառնվելիս, միեւնույն լողավազան այցելելիս, միեւնույն սպասքից օգտվելիս, միջատների խայթոցից, ՄԻԱՎ-ը չի փոխանցվում ընկերության միջոցով, փոխադարձ հարգանքի միջոցով: Հավատացեք դրա կարիքը ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ունեն: Եթե ձեր ընկերն ապրում է ՄԻԱՎ-ով դա չի նշանակում, որ դուք պետք է նրան խարանեք, ընդհակառակը ձեր ընկերը ձեր օգնության կարիքն ունի»:

Խոսելով ՄԻԱՎ-ից զերծ մնալու ամենակարեւոր ու առաջին պայմանից` մասնագետները նշում են. - «Առաջնայինը նորմալ պահպանակների օգտագործումն է: Գներն ահավոր տարբեր են սկսած 3 հատի համար 100 դրամից մինչեւ 2000 դրամ: Համենայն դեպս, չարժե էժան պահպանակի վրա հույս դնել: Եթե պահպանակը սահի կամ պատռվի դա բերում է ռիսկի մեծացման: Եվ որպես կանոն, պահպանակների վրա լինում է պիտանելիության ժամկետը, եւ կարեւոր է, թե որտեղից եք այն գնել»:


Անդրադառնալով դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան, մասնագետները նշում են, որ այս տարի որպես խորագիր ընտրված է «Հասնել 0-ի»: Այսինքն` մինչեւ 2015 թվականը պետք է լինի 0 դեպք ՁԻԱՀ-ի նոր վարակման, 0 մահվան դեպք ՁԻԱՀ-ից եւ 0 խտրականություն: Աշխարհում ոլորտի բոլոր մասնագետները պետք է աշխատեն այս կարգախոսն իրականություն դարձնել: Հայաստանում խնդրով մտահոգված 4 կազմակերպություններ դեկտեմբերի 1-ին կազմակերպել են միջոցառումների շարք: Նպատակը հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումն է:


«13:15-ից 14:45 երթ է լինելու, որը սկսվելու է Հայստանի Ագրարային համալսարանից մինչեւ նախարարությունների շենք: Երթի ժամանակ պաստառներ ենք ունենալու, տեղեկատվական թերթիկներ ենք բաժանելու, հիմնականում ուսանողներին, որովհետեւ հիմնականում համալսարանների ճանապարհներով ենք անցնելու: Ժամը 14:00-ին Կիեւյան 4-ում լինելու է «ՄԻԱՎ, ՁԻԱՎ խնդրի ջատագով 2011» մրցանակաբաշխությունը, ժամը 17-ին Ակադեմիա պատկերասրահում լինելու է «Էրոտիկան ժամանակակից արվեստում» ցուցահանդեսի բացումը, իսկ ժամը 18:00-ին Մոսկվա կինոթատրոնի դիմաց լինելու է ինչ որ չափով զվարճալի, մրցանկաներով միջոցառում, որին ներգրավելու ենք նաեւ անցորդներին»,- նշում են կազմարեպիչները:

Օրվա միջոցառումների շարքը կեզրափակվի One ակումբում: Սակայն կազմակերպիչները վստահեցնում են, որ միայն դեկտեմբերի 1-ով չեն սահմանափակվելու:

Your browser doesn’t support HTML5

ՄԻԱՎ-ով վարակվածների 57,1 տոկոսը կազմում են 25-39 տարեկանները