Սարգսյան - Սահակաշվիլի հանդիպումը «կմեղմացնի տարաձայնությունները»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-30-ը կմեկնի Վրաստան:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն այսօր վերահաստատեց ավելի վաղ տարածված պաշտոնական տեղեկատվությունը այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-30-ը կմեկնի Վրաստան:

Այցի ընթացքում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի քննարկումից բացի, նախատեսված է մի շարք ոլորտներում հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Բաց նամակ

Այցի նախօրեին Վրաստանի հայկական համայնքը բաց նամակ է տարածել, որում Հայաստանի եւ Վրաստանի նախագահներին կոչ է անում Սերժ Սարգսյանի այցի շրջանակներում նախատեսված քննարկումներում քննարկել նաեւ հարցեր, «որոնք կնպաստեն ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների բարելավմանը»: Ըստ նամակի, այդ հարցերից են` «կրթության մատչելիությունը, սովետական իշխանության ժամանակ Հայ Առաքելական եկեղեցուց խլած ունեցվածքի վերադարձի հարցը»:

Վրաստանում հայ համայնքի մամուլի ծառայության ղեկավար Արմեն Աղաջանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հայ համայնքը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավիրված չէ, եւ հայ համայնքը ստիպված է եղել հանդես գալ բաց նամակով:

«Ամենակարեւորը մայրենի լեզվով կրթություն ստանալու հարցն է: Վերջին տարիներին Թբիլիսիում քչանում է հայկական դպրոցների քանակը», - առանձնացրեց Արմեն Աղաջանովը:

Տարաձայնություններ

Սերժ Սարգսյանի այցի կապակցությամբ վերլուծաբանները հիշեցնում են հոկտեմբերի սկզբին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությունը Տավուշում տեղի ունեցած սողանքի առնչությամբ: Սահակաշվիլին մասնավորապես ասել էր, թե Վրաստանի ենթակառուցվածքների նախարարը մի քանի ժամում ավելի բարդ խնդիր է կարգավորել, իսկ այդ սողանքի ժամանակ հայերից պահանջվեց համարյա երկու շաբաթ: «Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ կառավարման համակարգ», - ասել էր Սահակաշվիլին:

Թե՛ հայկական եւ թե՛ վրացական մամուլն այս հայտարարությամբ բացատրեցին նոյեմբերի սկզբին Սերժ Սարգսյանի՝ Վրաստան այցելության հետաձգումը:

Այդ հանդիպումները պետք են, որ մեղմացնեն տարաձայնությունները ...
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան...

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատի ունենալով Սահակաշվիլիի վերոհիշյալ հայտարարությունը, ասաց. - «Հենց այդ հանդիպումները պետք են, որ այս ձեւի հայտարարություններն ավելի հազվադեպ հնչեն: Անկեղծ լինենք, Վրաստանը միանշանակ կողմնորոշված է դեպի Եվրոպա, ՆԱՏՕ: Մենք ավելի շատ Ռուսաստանի հետ ենք աշխատում: Վրաստանի բարեփոխումները պետական համակարգում ակնհայտ հաջողությունների հասան, եւ պարզ է, որ մենք իրարից ուժեղ տարբերվում ենք: Այ, հենց դրա համար են պետք այդ հանդիպումները, որ մեղմացնեն, փափկացնեն տարաձայնությունները»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Հայաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպումը կարեւոր համարեց նաեւ հայկական եկեղեցիների հետ կապված խնդրին քաղաքական քննարկումների արդյունքում լուծում տալու հնարավորության առումով: