Համակարգչային կենտրոն կույր եւ վատ տեսողություն ունեցող քաղաքացիների համար

Կույր եւ վատ տեսողություն ունեցող մարդկանց համար համակարգչից օգտվելն այլեւս անլուծելի խնդիր չէ: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ երկրների տարածաշրջանային բաժնի նախաձեռնությամբ այսօր Երեւանում բացվեց առաջին համակարգչային կենտրոնը նրանց համար:
«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանի խոսքով, այցելուների համար նախ երկօրյա վերապատրաստում անցած մասնագետների կողմից կկազմակերպվեն դասընթացներ:

Խոսելով համակարգիչների հնարավորությունների մասին` Սաղյանը նշում է. - «Գոյություն ունի Բրայլի այբուբենով տպող պրինտեր, որ եթե տեքստը գալիս է, ապա հնարավոր է այն ուռուցիկ տառերով տպել: Գոյություն ունեն կամեռաներ, որոնց տակ դրվում է տեքստը եւ տեքստն ականջակալերում վերարտադրվում է ձայնով, կա նաեւ հատուկ պռոեկտոր, որը փոքր տառերը մեծացնում է էկրանին, գոյություն ունի ինտերակտիվ գրատախտակ, որի միջոցով վարում են դասընթացները, կա մեկ տողանոց դիսփլեյ Բրայլի այբուբենով, որը տպում է»:

Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի խոսքով` ԱՊՀ երկրների տարածքում սա առաջին նման կենտրոնն է, իսկ աշխարհի մակարդակով Հայաստանը 5-րդ պետությունն է, որտեղ գործում է համակարգչային կենտրոն կույր եւ վատ տեսողություն ունեցող քաղաքացիների համար:

«ՄԱԿ-ը 2008 թվականին ընդունեց սահմանափակ ֆիզիկական հնարավորություն ունեցող մարդկանց աջակցելու մասին որոշում: Հեռահաղորդակցության միությունը ձեռնամուխ եղավ կույրերի ու վատ տեսողություն ունեցող քաղաքացիների համար ինտերնետ հնարավորություն ընձեռնելուն», - նշում է նախարարը:

Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի տեղակալի վկայությամբ` վերջին տասնամյակում աշխարհում մեծ զարգացում են ապրել տեղեկատվական տեխնոլոգիաները: Նրանց տվյալներով` ներկայումս աշխարհում բջջային ծառայություններից օգտվում է շուրջ 5,2 միլիարդ մարդ, իսկ ինտերնետից` 2,4 միլիարդ:

Սակայն Հաո Լին Ծյոն ցավով նշում է. - «Ֆիզիկական խնդիրներ ունենալու պատճառով նորագույն տեխնոլոգիաներից չեն օգտվում բնակչության մոտ 10-ը տոկոսը, եւ մենք մեր պարտքն ենք համարում օգնել այդ մարդկանց»

Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցի մանկավարժ Անահիտ Ծատուրյանի խոսքով, 2003 թվականից Մերգելյանի անվան ինստիտուտում մշակվել է համակարգչային ծրագիր տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար. - «Սա հնարավորություն է տալիս չտեսնողներին ստեղծել տեքստային գրադարաններ, սկաների միջոցով օգտվել խմբագրված տեքստերից, ինտերնետից կարող են օգտվել, շախմատ են խաղում»:

Նոր համակարգչային ծառայություններին դպրոցի մանկավարժները դեռ ծանոթ չեն եւ տարբերությունների մասին խոսելը դեռ վաղ են համարում, սակայն հուսով են, որ սա եւս մեկ դրական քայլ է` ուղղված տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին ընդառաջ: Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի տեղակալը հույս հայտնեց, որ ապագայում գուցե վատ տեսողություն ունեցողներն ու կույրերը հնարավորություն ունենան նման համակարգից օգտվել առանց տնից դուրս գալու` հաշվի առնելով նախարարության տրամադրվածությունն եւ ՏՏ ոլորտում փորձագետների աջակցությունը:

Your browser doesn’t support HTML5

Համակարգչային կենտրոն կույր եւ վատ տեսողություն ունեցող քաղաքացիներ համար