Բացվեց Երեւանյան ճարտարապետական բիենալեն

Համահայկական ճարտարապետական այս մրցույթ-ցուցահանդեսին մասնակցում են ոչ միայն հայաստանցի, այլեւ սփյուռքահայ ճարտարապետներ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը պատմեց, որ արդեն երեք անգամ Քաղաքաշինության նախարարության հետ համատեղ անցկացրել են «Տարվա նախագիծ» եւ «Տարվա կառույց» մրցույթները, եւ ահա այս անգամ որոշել են ներգրավել նաեւ սփյուռքահայ ճարտարապետներին:

Նրա խոսքով, բիենալեին մասնակցում են ավելի քան 80 հեղինակներ 7 երկրներից: Ճարտարապետական հանձնախումբը մեկ ամսվա ընթացքում կընտրի նրանց աշխատանքներից լավագույնները տարբեր անվանակարգերում:

«Կհայտարարենք, կփորձենք սա հրատարակել, եւ աստիճանաբար այս ֆորմատը աշխատացնել: Որովհետեւ կարծում ենք, սա գոնե մի քայլ առաջ է մեր, ցավոք, ճահճացած ճարտարապետաքաղաքաշինական իրավիճակից դուրս գալու ճանապարհին», - նշեց Գրիգորյանը:

Բիենալեի մասնակիցներից ստամբուլահայ շինարար, ճարտարապետ Նազարեթ Փինաթլին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Ստամբուլում ավելի քան վեց տասնյակ հայ ճարտարապետներ կան, որոնք համախմբված են Հայ ճարտարապետների միության շրջանակներում: Փինաթլու խոսքով, իրենք շատ մեծ մասնակցություն են ունեցել Աղթամարի վանքի եւ Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու վերակառուցման աշխատանքներին:

Իսկ Եգիպտոսում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց եգիպտահայ Նաիրի Համբիկյանը, ընդամենը երկու հայ ճարտարապետ է մնացել. - «Գաղութը նոսրացել է, հազիվ երկու հոգի ենք»:

Հարցին, թե արդյո՞ք հավանում է այսօրվա Երեւանի տեսքը, Համբիկյանը պատասխանեց. - «Նույնիսկ այսօրվա իր տեսքով դուրս գալիս է… Անշուշտ, պրոբլեմներ կան: Հյուսիսային պողոտան, օրինակ, աններելի էր»:

Երեւանյան բիենալեն ծրագրվում է այսուհետեւ անցկացնել երկու տարին մեկ: Ակնկալվում է, որ հաջորդ անգամ ավելի մեծ կլինի սփյուռքահայ ճարտարապետների մասնակցությունը:

Your browser doesn’t support HTML5

Բացվեց Երեւանյան ճարտարապետական բիենալեն