Հայաստանյան կրթության մասին անգլալեզու կայքեր

amhe.am եւ studyinarmenia.org Հայաստանի բարձրագույն կրթության մասին պատմող կայքերը արտասահմանցի ուսանողների համար ավելի մատչելի կդարձնեն բարձրագույն կրթության մասին տեղեկատվությունը:
Այս մասին կայքերի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Մինչ այժմ մենք չենք ունեցել բարձրագույն կրթական համակարգի մասին պատմող ոչ մի անգլալեզու տեղեկատվական ռեսուրս, այսինքն այն ուսանողները արտերկրից, որոնք ցանկանում էին սովորել Հայաստանում, իսկ նրանք հիմնականում գալիս են Հայաստան՝ ունենալով անգլերենի իմացություն, չէին կարող համապարփակ տեղեկատվություն ստանալ մեր երկրի բարձրագույն կրթության, դրա հնարավորությունների մասին», - ասաց Արմեն Աշոտյանը:

Իսկ դա, ըստ նախարարի, սահմանափակում էր արտերկրից Հայաստան ուսանողների հոսքը:

Կայքը անգլալեզու է, նախատեսվում է ունենալ նաեւ ռուսերեն, բայց ոչ հայերեն տարբերակը: Հարցին, թե ինչու, նախարարության աշխատակիցները պատասխանեցին, որ այս կայքն ուղղված է արտասահմանցի ուսանողներին, ովքեր հայերեն չգիտեն: Իսկ ինչպե՞ս օգտվեն բարձրագույն կրթության մասին տեղեկատվությունից այն ուսանողները, որոնք ո՛չ անգլերեն, ո՛չ ռուսերեն գիտեն, այլ գիտեն հայերեն հարցին պատասխանեցին, թե կարող են օգտվել յուրաքանչյուր բուհի կամ կրթության եւ գիտության նախարարության կայքից, որտեղ, իրենց խոսքով, կա ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Կայքերում կա բուհերի ցանկը, ամբողջ տեղեկատվությունը մեր
կրթական համակարգի, Բոլոնիայի գործընթացի բարեփոխումների եւ այլնի մասին:

Նախատեսվում է արդյոք միջազգային կայքերում դրանց հղումը տեղադրել կամ ինչպե՞ս են պատրաստվում հասանելի դարձնել կայքերը արտասահմանցիների համար հարցին, նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը պատասխանեց. - «Կազմակերպվող միջազգային միջոցառումներին արտերկրից հրավիրվող պատվիրակությունների հետ էլեկտրոնային կամ գրավոր կապի ժամանակ կտրվի նաեւ այս կայքերի հասցեն»:

Կայքերի շնորհանդեսին ներկա էին նաեւ արտասահմանցի ուսանողներ, ովքեր արդեն սովորում են Հայաստանում: Նրանցից հետաքրքրվեցի, թե ինչպես են իմացել Հայաստանում սովորելու հնարավորություների մասին:

«Բժշկական համալսարանի մասին լսել ենք մեզնից մեծ տղաներից, ովքեր սովորել էին այստեղ եւ հիմա աշխատում են Հնդկաստանի հեղինակավոր հիվանդանոցներում», - ասացին հնդիկ ուսանողները:

«Ընդունելության մասին հայտարարություն կար մեր թերթերից մեկում: Ես եւ եւս մի բժիշկ եկանք միասին, ով ուզում էր այստեղ ասպիրանտուրայում սովորել, բայց նա հետ գնաց, որովհետեւ ինչ-որ բան դուրը չեկավ այստեղ: Այդպիսով, ես միակ մաուրիտացին եմ Հայաստանում», - ասաց Սիմլեն Աֆրիկայի հարավարեւելյան մասում գտնվող Մաուրիտիուս երկրից է:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանյան կրթության մասին անգլալեզու կայքեր