ՀՔԾ-ն գործ հարուցեց Սիլվա Համբարձումյանի հաղորդման հիման վրա

Your browser doesn’t support HTML5

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ծեծի ենթարկվելու մասին գործարար Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել` ծեծի հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 118-րդ հոդված):

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:

Սիլվա Համբարձումյանը իր գրավոր հաղորդման մեջ նշել է, որ Սյունիքի մարզպետը 2011 թվականի նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն:

Համբարձումյանին առաջարկվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն ըստ ՀՔԾ-ի, նա հրաժարվել է փորձաքննության ենթարկվելուց` պատճառաբանելով, որ մարզպետի հարվածից ցավ է զգացել, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել:

Գործարարը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմել էր, որ դեպքը տեղի է ունեցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահում, երկուշաբթի, ժամը 17-ի սահմաններում: Համբարձումյանը ասաց, որ երբ ավարտել է իր հանդիպումը օտարերկրացի հյուրի հետ եւ պատրաստվել է դուրս գալ, հյուրանոցի դռնից ներս է մտել մարզպետը։

«Եկավ Սուրեն Խաչատրյանը` Սյունիքի մարզպետը, ու թափով, վերարկուով մոտեցավ ինձ։ Որ մոտեցավ` փորձեց սկզբից ոտքով խփել` վերարկուն չթողեց։ Երբ վերարկուն չթողեց, ինքը գլխիս ձեռքով խփեց։ Որ խփեց` այնտեղ տղամարդիկ կային` իրեն սկսեցին քաշել ու նստեցրին առանձին։ Ես գնացի հեռու, ուզում էի ոստիկանություն դիմել, բայց զանգահարեցի իմ փաստաբանին», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր Սիլվա Համբարձումյանը։

Երեկ ուշ երեկոյան Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն էր տարածել` Համբարձումյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը որակելով հորինված, բացարձակ սուտ եւ զրպարտություն` ուղղված Սյունիքի մարզպետի դեմ:

Օրերս Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպմանը մեղադրել էր մարզպետին` իրեն պատկանող Լիճվազք-Թեյի ոսկու հանքից միլիոնավոր դրամների արժողությամբ սարքավորումներ յուրացնելու մեջ, եւ, փաստորեն, այս միջադեպը տեղի ունեցավ այդ ասուլիսից ընդամենը մի քանի օր անց։