«Դաբաղյան» համույթը համերգներով հանդես է եկել Ստամբուլում

Your browser doesn’t support HTML5

Գեւորգ եւ Գուրգեն Դաբաղյանները` իրենց «Դաբաղյան» համույթով Ստամբուլում կայացած երկու համերգներում ներկայացրել են հայկական ժողովրդական եւ աշուղական երաժշտությունը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գուրգեն Դաբաղյանը փոխանցեց, որ համերգներն արժանացել են շատ ջերմ ընդունելության:

Համերգներից մեկը, որ նվիրված է եղել Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» հայալեզու օրաթերթի հիմնադրման 70-ամյակին, կայացել է 2000 տեղանոց «Գրանդ Ջավահիր» դահլիճում: Մյուսը տեղի է ունեցել Ստամբուլի ֆիլհարմոնիկ համերգասրահում` դրա տնօրինության հրավերով:

«Ֆիլհարմոնիկ դահլիճում նաեւ շատ օտարազգիներ կային` քրդեր, թուրքեր: Համերգի ծրագրում ընդգրկված էին աշուղական, ժողովրդական երգեր, դուդուկի, քանոնի, այլ ժողգործիքների կատարումներ: Ես կատարել եմ Սայաթ-Նովա, Կոմիտաս, Շերամ, Շահեն եւ այլն», - ասաց դուդուկահարը` շարունակելով. - «Շատ հետաքրքրիր էր, որովհետեւ ես չէի պատկերացնում, որ երբեւիցե կարող եմ ելույթ ունենալ նման հանդիսատեսի առջեւ: Մեր ելույթները հիմնականում հայերի համար են, եւ եվրոպացիների ու ռուսների համար: Թուրքերի եւ քրդերի կողմից ընդունելությունը շատ լավ էր եւ տպավորիչ: Զգացվում էր, որ նրանք հասկանում են այս երաժշտությունը»:

Դուդուկահարը ասաց, որ հաջորդ տարվա համար արդեն հրավերներ ունի Իտալիայից, Գերմանիայից, այլ երկրներից: