Պաշտպանության նախարարը զրուցեց զոհված զինվորների մայրերի հետ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հինգշաբթի կրկին հայտարարեց, որ բանակը խիստ վերահսկողության ներքո է, եւ պատասխանատուները անում են հնարավորը` կատարելագործելու զինված ուժերը:

Նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է պնդել, որ նախորդ տարիների համեմատ այս տարի զինված ուժերում արձանագրվել են մահվան ավելի քիչ դեպքեր: Այս մասին նա նշեց «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում:

«Բոլոր դեպքերը, ըստ տարիների վերլուծության, գնում են դեպի նվազում, բայց յուրաքանչյուր մեկ դեպք էլ մեզ համար ողբերգություն է, մեզ համար անընդունելի է», - ասաց նախարարը:

Մահվան վերջին դեպքն արձանագրվել է հոկտեմբերի 29-ին: Բանակում հանկարծամահ էր եղել 19-ամյա Արմեն Մողրովյանը: Նրա մահվան վկայականում նշվում է մահվան հասցնող երկու հանգամանք` սրտի պսակաձեւ անոթների շրջանառության սուր խանգարում եւ չափավոր արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզ: 19-ամյա զինվորը թթվածնային անբավարարություն է ունեցել:

Զինվորի հարազատները հայտարարում են, թե բանակ զորակոչվելիս տղան առողջ է եղել: Պաշտպանության նախարարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց այն լուրը, որ բանակում զինվորը վիրահատության է ենթարկվել: Նա չմանրամասնեց, թե ինչ վիրահատություն է եղել դա:

«Ինքը տվյալ պահին եղել է առողջ վիճակում, հանկարծամահ է եղել, ի՞նչ կարող ենք անել, բանակում փոքր վիրահատություն է տարել, որից հետո առողջ վիճակում է եղել», - ասաց Օհանյանը:

Հարցին, թե դա չի նշանակո՞ւմ, որ բանակ են զորակոչվում հիվանդ զինվորները, նախարար Օհանյանը նշեց, որ ինքը խիստ վերահսկում է զորակոչիկների բժշկական ստուգումները:

«Բուժզննում անցնում են առաջին հերթին իրենց մշտական տեղակայման վայրերում` մարզային զինկոմիսարիատներում, հանրապետական բժշկական հանձնաժողովում եւ նաեւ մեր հավաքակայանում գոյություն ունեցող բժշկական հանձնաժողովում: Դա դեռ քիչ չէ, նաեւ վերահսկողություն է իրականացնում մեր կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը», - ասաց նախարարը:

Զինվորի մահվան գործով դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Նախարարության քննչական ծառայությունից փոխանցեցին, որ գործի հարուցման համար առայժմ նյութեր են նախապատրաստվում:

Իսկ մինչ այդ բանակում մահացած զինվորների ծնողները ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց շարունակում են իրենց բողոքի ակցիաները` պահանջելով պատժել իրենց որդիներին մահվան հասցնողների: Նախարարն, անդրադառնալով բանակի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, դրանց ընթացքում ակտիվ քաղաքացիների կողմից հնչող կոչերին, ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցել նրանց հետ, ովքեր առանց հերյուրանքների կաշխատեն: Անուններ չտալով` նախարարը նշեց, որ նրանք ովքեր կփորձեն հերյուրանքներ, վիրավորանքներ տարածել բանակի հասցեին, նրանց հետ կաշխատեն «օրինական դաշտում»` նրանց ենթարկելով պատասխանատվության:

«Բայց երբ լինում են հերյուրանքներ, անձնական վիրավորանքներ, հակաօրինական քայլեր, այդպիսի կազմակերպությունների հետ մենք փորձում ենք աշխատել օրինական դաշտում: Մինչեւ հիմա նման ակցիաներ չեն եղել, բայց քայլեր եղել են առանձին անհատների, հասարակական կազմակերպությունների կողմից: Մի՞թե դուք կարծում եք, թե ես կփորձեմ ինչ-որ հակաօրինական քայլեր կատարել, ո'չ», - ասաց Օհանյանը:

Նախարարը կառավարության նիստից առաջ զրուցեց վերջին տարիներին բանակում մահացած զինծառայողների հարազատների հետ: Մինչ նախարարը հավաստիացնում էր, թե ամեն մի դեպք ուսումնասիրվում է ու արդար քննություն կտարվի, մահացած զինծառայողների ծնողներն իրենց բողոքն էին արտահայտում:

«Պարոն նախարար, ինչքա՞ն դեռ պիտի սպասենք, 10 տարի էլ ե՞ս սպասեմ, որ սպանությունից հետո գոնե այդ ինքնասպանությունը, որ փաթաթում են էրեխուս վզին, հանե՞ն», - հարցնում էր 2010-ին զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը:

«Քրեական գործ է հարուցված, քրեական գործի շրջանակներում համապատասխան իրավապահ մարմինները աշխատում են», - ասաց նախարարը. - «Իրենց ուզած ձեւով են աշխատում: Ես իմ հույսը Ձեզ վրա էի դրել, ես Ձեզ հավատում էի….ես ուզում եմ, որ դուք դրանք բռնեք, այ սենց ճնշեք, խեղդեք դրանց, որ մեղավորներին բացահայտեն», - ասաց զոհված զինվորի մայրը:

Նախարարը հավաստիացումներից հետո շարժվեց դեպի կառավարության շենք: Իսկ բողոքի տարբեր պաստառներ պահած ծնողներն ու նրանց աջակցող ակտիվ քաղաքացիները, որոնք ձեւավորել են «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը, շարունակեցին իրենց բողոքի ակցիան: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում նրանք ասում էին, որ չեն հավատում, որ կառավարությունը կամք կդրսեւորի բացահայտելու բոլոր դեպքերը:

Համաձայն հայ իրավապաշտպանների ներկայացրած տվյալների` այս տարի զինված ուժերում մահացել է 32 զինվոր: Նրանցից միայն 9-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Մնացածը մահացել են խաղաղ պայմաններում` հիմնականում կանոնագրքային հարաբերությունների խախտման հետեւանքով: Պաշտպանության նախարարությունը դեռեւս թվեր չի հրապարակում: