Տարոն Մարգարյանը առաջադրվել է քաղաքապետի թեկնածու

Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:

Երկուշաբթի երեկոյան տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, այնուհետեւ` խորհրդի նիստ, որտեղ կուսակցության եւ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխացեց ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, գործադիր մարմինը որոշումը կայացրել է միաձայն:

Նրա խոսքով, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերին մասնակցել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով նույնպես կողմ է քվեարկել Մարգարյանի թեկնածությանը:

Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո, հիշեցնենք, լուրեր էին շրջանառվում, թե պաշտոնին հավակնում է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Տարոն Մարգարյանը, ով այսօր Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարն է, համարվում էր նոր քաղաքապետի ամենահավանական թեկնածուն:

Օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ, որոնց ժամանակ թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին, տվյալ դեպքում` մեծամասնություն կազմող Հանրապետականին: