Արթիկում լույս աշխարհ եկավ խորհրդանշական 7 միլիարդերորդ երեխան

Արթիկի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում այս գիշեր ժամը 00։20 րոպեին լույս աշխարհ է եկել Վահրամ Ոսկանյանը, ով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարվել է մոլորակի խորհրդանշական 7 միլիարդերորդ երեխան։

Միացյալ ազգերի կազմակերպության կանխատեսումների համաձայն, մոլորակի 7 միլիարդերորդ բնակիչը ծնվելու է հոկտեմբերի 31-ին։ Աշխարհում ամեն ժամ լույս աշխարհ են գալիս հազարավոր երեխաներ, եւ հստակորեն անհնար է պարզել, թե կոնկրետ որ երեխան է 7 միլիարդերորդը։ Արեւտմյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ՄԱԿ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում որեւէ մեկին պաշտոնապես ճանաչել որպես մոլորակի 7 միլիարդերորդ բնակիչ։ Մինչ այդ, աշխարհի մի շարք երկրներում նշվում է խորհրդանշական 7 միլիարդերորդ երեխաների ծնունդը։

Արթիկում ծնված Վահրամ Ոսկանյանի ծնողները Պեմզաշեն գյուղից են։ Արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնած Գարիկ Ոսկանյանը՝ Վահրամի հայրը, իր առաջնեկի ծնունդին ներկա չէր։ Հարազատները վստահեցրեցին, որ երկու օրից հայրը կժամանի Հայաստան՝ երեխային տեսնելու։

Ինքը՝ Վահրամը, կանխածին է եւ հիմա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Նա կշռում է ընդամենը 2.9 կիլոգրամ։

Արթիկի Մոր եւ մանկան կենտրոնը այսօր փոքրիկին հատուկ սերտիֆիկատ շնորհեց, իսկ Արթիկի քաղաքապետը շնորհակալագիր հանձնեց։ Բացի այդ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ստանձնեց Վահրամ Ոսկանյանին առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու պատասխանատվությունը։

Միացյալ ազգերի կազմակերպությունը այս խորհրդանշական միջոցառումն անցկացնելու նպատակով ընտրել էր Արթիկի Մոր եւ մանկան կենտրոնը, քանի որ ծննդատունը իր տեխնիկական պայմաններով, ինչպես նաեւ այստեղ գրանցվող ծնունդների թվով զիջում է հանրապետության մյուս ծննդատներին եւ նմանօրինակ գործառույթներ ունեցող հաստատություններին։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը այսօր Արթիկի Մոր եւ մանկան կենտրոնին շարժական էխոսկոպիկ սարք նվիրեց։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիկայանի այն հարցին, թե հնարավո՞ր է հենց Վահրամ Ոսկանյանն էլ դառնա աշխարհի 7 միլիարդերորդ բնակիչը, պատասխանեց․ - «Գոյություն ունի մի մեծ մեթոդոլոգիա, թե ինչպես են իրականցվում հաշվարկները, որը բավականին լուրջ գիտական մոտեցում է, չեմ կարծում, թե հնարավոր է կոնկրետ ասել, որ հենց այս երեխան այս երկրում այս աշխարհամասում 7 միլիարդերորդն եղավ, որովհետեւ աշխարհում 1 վայրկյանում 5 երեխա է ծնվում, իսկ դա պատկերացրեք ինչ մեծ թիվ է կազմում հոկտեմբերի 31 թվի մեջ»։

Հիշեցնենք, որ ի տարբերություն 7 միլիարդերորդի, որի հարցում պաշտոնապես որոշում չկայացվեց, 12 տարի առաջ հոկտեմբերի 12-ին Բոսնիայում ծնված տղան ճանաչվել էր Երկիր մոլորակի 6-միլիարդերորդ բնակիչը։

Գիտնականների փոխանցմամբ` մարդկության թիվը 1 միլիարդի է հասել միայն 1804 թվականին, այն կրկնապատկվել է 123 տարի անց` 1927-ին։ 1959 թվականին մարդկանց թիվը հասել է 3 միլիարդի, 1974-ին կազմել է 4 միլիարդ, 1987-ին ծնվել է 5-միլիարդերորդ, իսկ 1999-ին` 6-միլիարդերորդ մարդը։

ՄԱԿ-ի մասնագետները կանխատեսում են, որ մարդկության թիվը 2025-ին կհասնի 8 միլիարդի, իսկ 10-միլիարդերորդ մարդը կծնվի, ենթադրաբար, 2083 թվականին։