Հոկտեմբերի 29-ի մամուլ

Հայ ազգային կոնգրեսի ուրբաթ օրվա հանրահավաքի մասին «168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ ՀԱԿ-ը գոնե ազնվություն ունեցավ իր համակիրներին խոստովանելու, որ այլեւս ի վիճակի չէ իրագործել այն առաքելությունը` իշխանափոխությունը, որի համար հասարակությունից մանդատ էր ստացել 2008 թվականին: Այսինքն` մի կողմ թողնենք հանրահավաքի հռետորաբանությունը, կարող ենք արձանագրել, որ ՀԱԿ-ը երեկ հայտարարեց 2012թ. ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավին իր մասնակցության մեկնարկի մասին: Իսկ «ԱԺ-ում ծանրակշիռ ներկայություն ապահովելու միջոցով Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցն անմիջապես բարձրացնելը»` արդեն դառնում է սովորական նախընտրական խոստում, ինչպես, ասենք` ավանդների վերադարձը կամ երկրում ծնելիության խթանումը»:

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Ասել, որ եթե Կոնգրեսը սկսում է պատրաստվել հերթական ընտրության, ուրեմն արտահերթ ընտրությունը Հայաստանում բացառվում է` իհարկե այդքան էլ ճիշտ չի լինի: Խնդիրն այն է, որ արտահերթ ընտրությունը միայն Կոնգրեսից չի կախված ոչ միայն, այսպես ասած, վատ իմաստով, այլ նաև` լավ: Այսինքն` Հայաստանում ներկայումս այնպիսի մի քաղաքական և հատկապես ներիշխանական իրավիճակ է, երբ արտահերթ ընտրության սկզբնաղբյուր կարող են դառնալ նաև ներիշխանական խմորումները: Դրա հավանականությունը քիչ է, բայց հաստատապես կա, քանի որ իշխանության ներսում այսօր տեղի են ունենում իսկապես լուրջ գործընթացներ և երբեմնի զինակիցներն աստիճանաբար դառնում են քաղաքական լրջագույն հակառակորդներ: Սակայն, իհարկե, ավելորդ պատրանքներին տուրք տալ պետք չէ, և արժե արձանագրել, որ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերն արդեն մտան հերթական ընտրության ռեժիմի մեջ»:

«Երկրի» խմբագիրը գրում է. - «Վերջին օրերի բուռն իրադարձությունները ազդարարեցին Հայաստանում նախընտրական շրջանի մեկնարկը: Այն գործընթացները, որոնց ականատեսն ենք այսօր` կոալիցիոն կուսակցություններից մեկի նկատմամբ իրականացվող «ձեռքերի ոլորման» գործելակերպը, «լիբերալ» վարչապետի՝ ՀՀՇ-ական վարչակարգի ամենավատ ավանդույթներով արված՝ «ով մեր հետ չլինի, կկանգնի կոտրած տաշտակի առաջ» հայտարարությունը, եւ երեկ արդեն իրականություն դարձած՝ իշխանության միատարր զանգվածից վարքագծով տարբերվող եզակի պաշտոնյաներից մեկի հրաժարականը, նախորդ ամիսների ՏԻՄ ընտրությունների տրամաբանական շարունակությունն են: Դրանք ցույց են տալիս, որ այն հավաստիացումները, թե իշխանությունը վճռական է ընտրություններն անցկացնել ազատ ու թափանցիկ, նախատեսված էին միայն արտաքին սպառման համար: Առաջիկա վեց ամիսները ծառայեցվելու են մեկ նպատակի՝ ցանկացած գնով «կենտրոնական շտաբից» իջեցված ընտրազանգվածի ապահովման պլանի կատարմանը»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը զրուցել է «Հայոց աշխարհ»-ի հետ: Լրագրողը հարցնում է. - «Կա՞ կոալիցիոն հարաբերություններում ինչ-որ բան փոխելու, վերանայելու, նոր հայտարարություն անելու մտադրություն կամ անհրաժեշտություն»: Սահակյանը պատասխանում է. - «Ոչ միայն այս պահին նման մտադրություն կամ խնդիր չկա, այլեւ նույնիսկ որեւէ նոր հաստատում կամ հստակեցում կատարելու քաղաքական պահանջ ու պայման, առավել եւս անհրաժեշտություն գոյություն չունի: Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն մեկ խնդրի՝ լավ ընտրություններ անցկացնելու նպատակի շուրջ: Այս առումով կարեւոր չէ, թե ընտրություններում որ քաղաքական կուսակցությունը առավել մեծ հաջողության կհասնի, ով կդառնա երկրի առաջատար ուժը: Արդեն հիմա նման նախաձեռնություններ քննարկելու որոշակի անհրաժեշտություն կա: Իսկ Հանրապետականը հենց այն ուժն է, որ միշտ ձգտել է եւ ընտրություններին համաձայնեցված մասնակցել, եւ ընտրություններից հետո համաձայնեցված ղեկավարել պետությունը»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Այսօր արդեն ակնհայտ է, որ կառավարությունը վախենում է իր իսկ կազմած հարկային փոփոխություններ փաթեթը հրապարակելուց, եւ դա բնական է: Մի կառավարություն, որը չի վայելում հասարակական վստահությունը, հենց այդպես էլ պետք է վարվի: Վստահություն վայելող կառավարությունը չպետք է հայտարարի, թե հարկերը ճշգրտվում են, ինչպես վերջերս ասած ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, այլ պետք է ամբողջ բոյով հպարտ կանգնի, ասի, որ մեր արտաքին պարտքը շատ մեծ է, ու որպեսզի այն կարողանանք փակել, պետք է հարկերը բարձրանան: Հասարակությունն էլ դա կհասկանար, եթե այդ կառավարությունը կազմված լիներ ժողովրդի ստացած քվեի արդյունքում: Իսկ կառավարությունը ստիպված է «տակից» ինչ-որ «մութ խաղեր» տալ, այնպես անել, որ մարդիկ չհասկանան, թե ինչ փոփոխություններ են սպասվում հարկային դաշտում»:

Your browser doesn’t support HTML5

Հոկտեմբերի 29-ի մամուլ