Հոկտեմբերի 28-ի մամուլ

Անդրադառնալով վարչապետի խորհրդարանական ելույթին` «Երկիր»-ը գրում է. - «Կոտրած տաշտակի ակնարկը ոչ թե նախազգուշացում էր կոալիցիոն գործընկերներին եւ առհասարակ քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին, այլ սպառնալիք` բառի բուն իմաստով: Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանը բացահայտ կերպով խոսում է խորհրդարանում եւ քաղաքական դաշտում ՀՀԿ դիրքերի ամրապնդման մասին` հատուկ նշելով. «Մենք համախմբված ենք Հայաստանի նախագահի շուրջ եւ մտադիր ենք ավելացնել մեր քաշը քաղաքական ասպարեզում ոչ թե գործընկերների հաշվին, այլ ներ հեղինակության բարձրացման հաշվին»: Այսպիսով, վարչապետը թափանցիկ կերպով հասկացնում է, որ ՀՀԿ-ն եւ նրան սատարող շրջանակներն իրենց քաշն ավելացնելու են բոլոր այն ուժերի հաշվին, որոնք ՀՀԿ-ին հակադրումն ու մրցակցությունը կնախընտրեն նրա հետ գործընկերությունից եւ ի սկզբանե չեն հայտարարի, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը: Այս հայտարարությունն այլ կերպ, քան ծավալապաշտական, ուղղակի հնարավոր չէ որակել»:

Նույն խնդրի վերաբերյալ «Իրավունք»-ի թղթակիցը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանին հարցնում է. - «Բարգավաճ Հայաստան»-ը մտավախություն ունի՞ կոտրած տաշտակի առջեւ հայտնվելու, թե դա ձեզ չէր վերաբերվում»: Բոստանջյանը պատասխանում է. - «Դե, կոնկրետ կոտրած տաշտակի առջեւ հայտնվելու գաղափարը լրիվ այլ բան է. դա վերաբերում է այն մարդկանց, ովքեր իրենց ցանկությունների մեջ անզուսպ են եւ անկուշտ: «Բարգավաճ Հայաստան»-ը ի սկզբանե իր ձեւավորման առաջին իսկ օրվանից նման խնդիր չի ունեցել: Ձգտումը մեկն է եղել, որ մեր երկիրը լինի ավելի բարեկեցիկ ու ավելի բարձր: Ես համոզված եմ, որ ԲՀԿ-ի բոլոր անդամները երբեւիցե անձնական շահերի դիտակետից չեն շարժվել, այսինքն, նրանք երբեք չեն ունեցել անհիմն ձգտումներ ու ցանկություններ, ինչը նրանց բերի ու կանգնեցնի կոտրած տաշտակի առաջ»:

Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանին «Իրատես դե ֆակտո»-ն հարցնում է. - «Քաղաքական կոալիցիան կպահպանվի՞ մինչեւ ընտրություններ, չե՞ք բացառում, որ կուսակցություններից մեկը կարող է դուրս գալ»: Պատգամավորը պատասխանում է. - «Ոչինչ բացառել չի կարելի քաղաքականության մեջ: Կոալիցիան չի նշանակում, որ քաղաքական ուժերը կորցրել են ինքնուրույնությունը: Դժվար է ասել, թե ում մտքում հետագայում ինչ կծագի: Ելնելով քաղաքական իրողություններից եւ ստեղծված իրավիճակից, արտաքին եւ ներքին հանգամանքներից, կոալիցիայի պահպանումը եւ մինչեւ ընտրությունները, եւ ընտրություններից հետո, բխում է մեր պետության շահերից: ՀԱԿ-ի հետ երկխոսության վերաբերյալ Արտակ Զաքարյանը ասում է. - «ՀՀԿ-ն, որպես քաղաքական դաշտի եւ մեր պետության քաղաքական առանցք, երբեք չի հայտարարել, որ որեւէ ուժի հետ այլեւս չի բանակցի կա երբեք չի համագործակցի, ընդհակառակը, բաց լինելով համագործակցության դաշտում, մենք նկատի ունենք եւ կարճաժամկետ, եւ երկարաժամկետ հարաբերություններ»:

Անդրադառնալով քաղաքապետի հրաժարականին` «Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Ի՞նչը չբավարարեց հանկարծ Կարեն Կարապետյանին, կամ ինչի՞ն հանկարծ չբավարարեց Կարեն Կարապետյանը` ինչի՞ն, թե՞ ում չբավարարեց: Առաջիկայում թերեւս մենք կստանանք այդ հարցերի պատասխանները, քանի որ Երեւանի քաղաքապետի փոփոխությունը կարծես թե նախանշում է Հայաստանի իշխանական համակարգում փոփոխությունների նոր ալիք: Ըստ որում` այդ տեսանկյունից հետաքրքրական է, որ նախկին քաղաքապետի փոփոխությունն էլ այդպիսի մի ալիք առաջ բերեց, մի քանի կադրային այլ աղմկոտ փոփոխություններ եղան, նույնիսկ եղավ Խաչիկյանի գործի պատմությունը: Պետք է ենթադրել, որ քաղաքապետի այս փոփոխության առաջ բերած երկրորդ ալիքը կարող է առավել գլոբալ լինել եւ լինել առավել աղմկոտ: Հանրության հետաքրքրում է, թե այդ ամենի արդյունքում ինչով է փոխվելու իր կյանքը: Եվ եթե այս անգամ եւս չեղավ փոփոխություն, ընդ որում ոչ միայն Երեւանի, այլ ընդհանրապես հանրապետության կառավարման որակի առումով, ապա կարելի է ասել, որ երրորդ ալիքն արդեն հաստատապես կսկսի ոչ թե Երեւանի, այլ հանրապետության իշխանափոխությունից»:

Ադրբեջանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայոց աշխարհ»-ին ասում է. - «Ադրբեջանական կողմը, ի դեմս արտգործնախարար Մամեդյարովի, հենց նույն օրը պաշտոնապես հայտարարեց, որ այդ հարթակն իրենք օգտագործելու են Ղարաբաղի դեմ` հակամարտության «կարգավորման» շուրջ իրենց մոտեցումները առաջ տանելու համար։ Այս պարագայում, մեղմ ասած, անհասկանալի է` ինչո՞ւ հայկական կողմը որեւէ կերպ չի արձագանքում այս ամենին։ Շատ ավելի տարօրինակ են մամուլի տարբեր միջոցներում շրջանառվող տեսակետները, թե` արտառոց ոչինչ չի եղել, ՄԱԿ-ը «փտած» կառույց է եւ այլն։ Եթե փտած կառույց է, աշխարհի 192 երկրներ ի՞նչ են անում այնտեղ, Հայաստա՞նը ինչ է անում այդ կառույցում։ Կամ, ի՞նչ է նշանակում` մենք ի՞նչ կարող էինք անել. Ադրբեջանն իր նավթադոլարներով գնել էր 155 երկրների ձայները։ Սա արդարացում չէ։ Չի կարելի նման ձեւակերպումներ անել` չհասկանալով, որ դրանով ավելի ենք բարձրացնում Ադրբեջանի վարկանիշը»։

Your browser doesn’t support HTML5

Հոկտեմբերի 28-ի մամուլ