Երիտասարդ ակտիվիստները ապաստանել են Թռչկանին կից

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօրվանից վրաններով կապաստանեն Թռչկանի ջրվեժի մոտ` այնտեղ ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարելու նպատակով:
Ակտիվիստները, որ արդեն մի քանի ամիս է պայքարում են ջրագրական հուշարձան համարվող ջրվեժի վերեւում ՀԷԿ-ի կառուցման դեմ, պատրաստվում են նաեւ ստորագրահավաք կազմակերպել հարակից գյուղի բնակիչների շրջանում: Ակտիվիստներն ասում են` Թռչկանի մոտ կմնան այնքան ժամանակ, մինչեւ հարցին լուծում տրվի:

Դեռեւս 2004 թվականին կառավարության որոշման համաձայն` թույլտվություն է տրվել Չիչխան գետի վրա կառուցել փոքր ՀԷԿ, իսկ 2010 թվականի ապրիլի 7-ի որոշման համաձայն, շինարարություն կատարելու թույլտվությունը տրվել է «Ռոբշին» ՍՊԸ-ին: Այնուհետեւ բնապահպանության նախարարությունը ՀԷԿ-ի կառուցման համար տվել է դրական բնապահպանական փորձագիտական եզրակացություն` առանց հաշվի առնելու, որ 2008-ից Թռչկանը մտել է Հայաստանի բնության հուշարձանների ցանկի մեջ:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Մերի Խաչատրյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ բնապահպանության նախարարությունը իրավասու չի դադարեցնելու շինարարությունը:

«Այս պահին շինարարությունը կասեցված է: Նախագիծը ավարտին հասցվելու դեպքում, մասնագետները նշում են, որ ինչպես հուշարձանին, այնպես էլ հարակից գյուղերի տարածքներին մեծ վտանգ է սպառնում», - ասում է Խաչատրյանը:

«Փրկենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիկան նախաձեռնության անդամ Գոռ Հովհանիսյանը պատմում է, որ հոկտեմբերի 22-ին կատարած այցի ժամանակ հայտնաբերել են շինարարության հետեւանքներն ու դրա առաջացրած խնդիրները. - «Գետի հունը մասնակորեն փոխվել է. որոշ տեղերում վերածվել է ցեխի, որովհետեւ փորած ողջ հողը տեղափոխելու փոխարեն լցրել են գետը»:

Բնապահպանները եւ քաղաքացիական նախաձեռնության անդամները զրուցել են նաեւ շինհրապարակում աշխատողների հետ: «Մենք եկել են աշխատելու: Նրանք պնդում են, որ ջրվեժը մնալու է տեղում: Եկեք գարնանը, մի 10 կիլոգրամ միս բերեք, միասին խնջույք կազմակերպենք Թռչկանի ջրվեժի մոտ», - բնապահպանների փոխանցմամբ ասել են շինարարները:

Թռչկանի հարակից գյուղի բնակիչները նշում են, որ իրենք դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը, բայց համայնքի ղեկավարները տվել են իրենց համաձայնությունը:

Your browser doesn’t support HTML5

Երիտասարդ ակտիվիստները պատրաստվում են ապաստանել Թռչնակին կից