Հոգեբուժական բաժանմունքում գտնվող զինվորի գործով ձերբակալվածները չեն կալանավորվել

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտչյանին «սուր փսիխոզ» ախտորոշմամբ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով օրերս ձերբակալված 3 զինծառայողները չեն կալանավորվել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, նրանց առաջադրվել են մեղադրանքներ, եւ խափանման միջոց է ընտրվել զորամասի հսկողությանը հանձնելը: Երկու շարքայիններին` Ալբերտ Առաքելյանին եւ Մովսես Բադալյանին առաջադրվել են զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, երրորդին` սերժանտ Վաչիկ Գրիգորյանին զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանքներ:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ Արման Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս զինվորներին չկալանավորելու որոշումը բացատրեց նրանով, որ նախ` նրանց արարքը ծանր չէ, եւ երկրորդը` չկան հիմքեր, որ զորամասի հսկողության տակ մնալով` այս անձինք կթաքնվեն նախաքննությունից կամ կխոչընդոտեն նախաքննությանը:

«Քննությամբ ձեռքբերված բոլոր ապացույցները բերում են նրան, որ նրանք համագործակցել են, ճիշտ ցուցմունք են տվել, զղջացել են, պատմել են տեղի ունեցածը, ոչինչ չունեն թաքցնելու, չեն ցանկանում շփոթության մեջ գցել նախաքննությանը` կեղծ ցուցմունքներ տալով, եւ քննիչը նպատակահարմար է գտել, նաեւ իմ կարծիքն է դա, որ կիրառվի ազատազրկման հետ չկապված խափանման միջոց, քանի որ, ըստ էության, արարքն էլ ոչ մեծ ծանրության է: Եթե նման ամեն մի հանցանքի համար բոլորին կալանավորեն, բավականին շատ կլինի եւ ծանր կլինի», - ասաց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ի սկզբանե տարածվել էին տեղեկություններ, որ զորամասում ծառայակիցները ստորացրել են 19-ամյա զինվորի արժանապատվությունը, բռնության եւ ծաղրուծանակի են ենթարկել երիտասարդին, նույնիսկ ծխախոտ են հանգցրել մարմնին: Նրա հայրը` Մկրտիչ Մկրտչյանը, ով տեսել էր որդուն հոսպիտալում, ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հետեւյալն էր պատմել. - «Անտանելի վիճակ, կապույտ… ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, հույս չունեմ, թե ականջը կվերականգնվի, ոտքերը` վերք, կապույտ ու սրտից է բողոքում, ասում է` քացով միշտ սրտիս էին խփում»:

«Զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը, տղես էլ ասել է` թե ի՞նչ եք անում, տղե'րք, նման բան անո՞ւմ են, դա իմ պատիվն է, պիտի տանեմ, ցույց տամ, որ ես ծառայել եմ, ու էդ կռիվը սկսվել է», - կատարվածի պատճառների մասին պատմել էր հայրը:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ Արման Պողոսյանը հայտարարեց, որ Ժորա Մկրտչյանին խոշտանգումների ենթարկելու փաստը գործով չի հիմնավորվում` ոչ տուժողի, ոչ էլ մեղադրյալների ցուցմունքներով:

«Կա վիրավորանք, մի քան ապտակ, ու ընդամենը սա է: Վիճաբանություն, վիրավորանք է եղել, սերժանտի կողմից ծեծ է եղել` մի երկու ապտակ», - ասաց Պողոսյանը:

Փորձաքննությունների արդյունքները դեռ չեն հրապարակվում: Հիշեցնենք` դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի կեսերին, եւ մինչեւ անցած շաբաթվա վերջը ոչ ոք ձերբակալված չէր: Շաբաթավերջին պաշտոնապես հայտարարվեց երեք հոգու ձերբակալության մասին, այսօր էլ հայտնի դարձավ, որ նրանք հանձնվել են զորամասի հսկողությանը: Մեղադրանքները հաստատվելու դեպքում երկու շարքայիններին սպառնում է առավելագույնը 2 տարվա ազատազրկում` ըստ Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասի. իսկ սերժանտին` առավելագույնը 1 տարվա ազատազրկում, ինչպես նախատեսում է Քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասը:

Ինչ վերաբերում է բանակում մահվան վերջին երեք դեպքերին, ՊՆ քննչական ծառայությունից փոխանցեցին, որ հոկտեմբերի 9-ին մահացած 19-ամյա Վլադիմիր Ասատրյանի եւ հոկտեմբերի 13-ին մահացած Յուրիկ Ներսիսյանի գործերով ձերբակալվածները կալանավորվել են: Իսկ նույն օրերին 21-ամյա Արամ Մելքոնյանի մահվան կապակցությամբ դեռեւս ձերբակալվածներ չկան:

Your browser doesn’t support HTML5

Հոգեբուժական բաժանմունքում գտնվող զինվորի գործով ձերբակալվածները չեն կալանավորվել