Քաղաքագետը Մինսկի խմբի առաքելությունը «վտանգված» է համարում

Մինսկի խմբի համանախագահները Երեւանում, արխիվային լուսանկար

Գնահատելով Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը ղարաբաղյան հակամարտության գոտի` Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այցը որոշ առումով միջնորդական այս խմբի արդյունավետությունն ապացուցելու մի վերջին փորձ էր, ինչպես եւ Կազանի հանդիպումն էր կողմերի միջեւ համաձայնության հասնելու վերջին փորձը, որը սակայն ձախողվեց դիրքորոշումների ակնհայտ տարբերության պատճառով:

«Դժբախտաբար մենք տեսնում ենք, որ Մինսկի խմբի առաքելությունը եւս վտանգված է նույն` կողմերի դիրքորոշումները մերձեցնելուն միտված ջանքերի ձախողման պատճառով», - ասաց քաղաքագետը` չբացառելով, որ այս պայմաններում Եվրամիությունը հակված է ավելի ակտիվ դերակատարություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ինչը սակայն, դժվար թե, մոտ ապագայում հանգեցնի Մինսկի բանակցային ձեւաչափի կտրուկ փոփոխության:

Ըստ Կիրակոսյանի` որոշակի ակտիվություն կարելի է սպասել նաեւ ամերիկյան կողմից, ինչ վկայությունն է վերջին օրերին ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները տարածաշրջան:

«Այսինքն Մինսկի ձեւաչափը չի փոխվի, սակայն ականատես կլինենք միջազգային միջնորդական ջանքերի լրացուցիչ դրսեւորումների, որոնք կգան լրացնելու համանախագահների գործունեությունը», - կանխատեսում է Կիրակոսյանը:

Անցած շաբաթ միջազգային միջնորդներն այցելել էին Ստեփանակերտ, որտեղ 1.5 ժամ տեւողությամբ հանդիպում էին ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ: Հանդիպումից հետո համանախագահները հայտարարել էին, որ ունեցել են արդյունավետ բանակցություններ, մասնավորապես շփման գծի իրավիճակի շուրջ:

Մինչ տարածաշրջանային այս այցը միջնորդները հայտարարել էին, որ մշակվում է միջոցառումների շարք` կողմերի միջեւ փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ:

Ադրբեջանական 1news.az կայքը, հղում կատարելով APA գործակալությանը, հաղորդում է, որ շաբաթ օրը հատելով Լեռնային Ղարաբաղի սահմանը` համանախագահները մուտք են գործել Ադրբեջանի Բարդայի շրջան, որտեղ ֆրանսիացի միջնորդ Բեռնար Ֆասիեն ադրբեջանցի լրագրողներին հայտնել է, որ այսօր հանդիպումներ են ունենալու նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարով եւ Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը իբրեւ միջնորդների հերթական այցի գլխավոր արդյունք է գնահատում այն, որ համանախագահները շարունակելու են աշխատել նույն ձեւաչափով, սակայն այս անգամ նրանց առաքելության հիմնական նպատակը ոչ թե կողմերի միջեւ ինչ-ինչ քաղաքական համաձայնության հասնել է, այլ շփման գծում կայունության եւ անվտանգության հաստատումը:

«…Որոնք որ չափազանց կարեւոր են, եւ հայկական կողմի համար նշանակություն ունի նաեւ այն իմաստով, որ եթե որոշ առաջխաղացում լինի, ապա դա կխոսի նրա մասին, որ Ադրբեջանը ավելի քիչ կօգտագործի ռազմական շանտաժի հռետորաբանությունը, եւ դրա էֆեկտիվությունը կնվազի: Մյուս կողմից նաեւ հասկանալի է այդ տրամաբանությունից ելնելով, թե ինչու Ադրբեջանը չի ցանկանում գնալ առաջ այդ ուղղությամբ եւ դիպուկահարների, եւ ընդհանրապես ինչ-որ պայմանավորվածությունների հետ կապված, որոնք թույլ կտային նվազեցնել այդ լարվածությունը շփման գոտում, որովհետեւ հասկանալի է, որ դա Ադրբեջանի շահերից չի բխում մի պարզ պատճառով. այդ դեպքում այն միակ լծակը, որ ունի Ադրբեջանը` նոր ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը իր քաղաքական իմաստը կարող է կորցնել», - ասաց Մինասյանը:

Նրա կարծիքով` հենց այդ պատճառով է, որ բանակցություններն ավելի են դժվարացել եւ նշում, որ մյուս կողմից, սակայն, Բաքուն պետք է հասկանա` եթե միջնորդներն իրենց հիմնական գործը թողած ներկայումս շփման գծի խնդիրներով են զբաղվում, դա հենց իր պահվածքի հետեւանքն է:

«Այսինքն բումերանգի էֆեկտ է տվել հենց Ադրբեջանի դեմ», - ասաց Մինասյանը:

Սպասվում է, որ այսօր երեկոյան համանախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ, որում կգնահատեն իրենց տարածաշրջանային վերջին այցի արդյունքները:

Your browser doesn’t support HTML5

Քաղաքագետը Մինսկի խմբի առաքելությունը «վտանգված» է համարում