Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաեւ Հայաստանում

Կադր CNN Turk հեռուստաընկերության ուղիղ հեռարձակումից՝ փլուզված շինությունը Վան քաղաքում, 23-ը հոկտեմբերի, 2011թ․

Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս, հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Երկրաշարժը Հայաստանի տարածքում զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ։

CNN Turk-ը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում է Վանում փլուզված շենքեր եւ փլատակներից վնասված ավտոմեքենաներ։

Թուրքիայի պետական Անատոլիական լրատվական գործակալությունը նույնպես հաղորդում է ավերածությունների ու բազմաթիվ տուժածների մասին։ գործակալության տեղեկացմամբ, Վանի հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 50 վիրավոր։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է բոլոր հանդիպումները եւ մեկնել աղետի վայր։

Երեւանում երկրաշարժը բավականին ուժգին է զգացվել, մի շարք համայնքներում մարդիկ բարձրահարկ շենքերից փողոց են դուրս եկել։

15.41-ին գրանցված երկրաշարժին հետեւել է 6 հետցնցում՝ 3.9-ից 5.7 մագնիտուդով, որոնցից առնվազն երեքը զգացվել են ՀՀ տարածքում։


Արթուր Պապյան