Հոկտեմբերի 21-ի մամուլ

Անդրադառնալով Քադաֆիի սպանությանը՝ «Երկրի» խմբագիրը գրում է․ - «Հեռավոր 60-ականներին նա հերոս էր, Լիբիական Ջամահիրիայի առաջնորդը, լիբիական հեղափոխության կենդանի լեգենդը։ Հիմա ոչ ոք այդ մասին չի հիշում, իսկ ժողովուրդը մի անասելի վայրենությամբ փողոցում ուղղակի «հոշոտում» էր նրա անշնչացած մարմինը։ Դժվար է ասել՝ սա լեգենդար առաջնորդի՞, թե՞ լիբիացի ժողովրդի ողբերգությունն է։ Երեւի երկուսինը միասին։ Բայց դա չէ էականը, այլ այն հարցի առայժմ անհայտ պատասխանը, թե որտե՞ղ ու ինչպե՞ս է տեղի ունենում բեկումը, որից հետո հերոսը վերածվում է հրեշի։ Արդյո՞ք ոչ այն ժամանակ, երբ ողջախոհության փոխարեն առաջնորդողը դառնում է սեփական անսխալականության գերին, երբ իշխանությունից կառչած մնալը դառնում է մտասեւեռում, կենսակերպ, ինքնադրսեւորման միակ միջոց, երբ իշխանությունն սկսում է ընկալվել որպես ոչ թե ժողովրդից, այլ քո ճկուն խելքի ու ամենակարողության շնորհիվ միմիայն քեզ համար նախատեսված նվեր, երբ քեզ ուսերին տանելու եւ հերոսացնելու մարդկանց վարքագիծն սկսում ես ընկալել որպես նրա հավերժ պարտականությունը»։

«Իրավունքի» թղթակիցը զրուցել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ։ Լրագրողը հարցնում է․ - «Փաստորեն, Գալուստ Սահակյանը բացառո՞ւմ է, որ կծնվի եւս մի նոր փաստաթուղթ, որով ԲՀԿ-ն իր վերջնական խոսքը կասի, ըստ էության, 2013-ի ընտրությունների հետ կապված»։ Պատասխան․ - «Ես չեմ կարծում, որ նոր հուշագրի ծննդի անհրաժեշտություն կա, եւ ոչ էլ այդ մասին խոսակցություն ո՛չ մեզ մոտ, ո՛չ էլ ԲՀԿ-ում։ Ընդհանրապես մամուլը մի ենթադրյալ թեմայի մասին է խոսում ու փորձում մեզ ներքաշել այդ խաղի մեջ։ Ես ալես եւ ասում եմ, որ ՀՀԿ-ն ոչ թե տրամաբանորեն մտածում է, թե որեւէ այլ կուսակցություն՝ կլինի դա կոալիցիոն, թե արտախորհրդարանական ուժեր, ինչ ռազմավարություն ունեն, այլ մենք ընդամենը կորոշենք առաջիկա ընտրությունների մեր ռազմավարությունը, որը չի տարբերվելու նախորդ ընտրություններից։ Իսկ դրա համապարփակ մոտեցումները կներկայացվի ՀՀԿ հերթական համագումարում։ Մենք որեւէ մեկին վերջնագիր չենք ներկայացրել, որեւէ կուսակցությունից առաջարկություններ չենք ստացել, բայց մենք պարբերաբար քննարկում ենք երկրի ներքաղաքական վիճակը, եւ դրանից է կախված լինելու առաջիկա ընտրությունները»։

«Հայոց աշխարհը» Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդ Խոսրով Հարությունյանին հարցնում է․ - «Դուք դեմ չե՞ք լինի այդ տարբերակին, եթե ձեզ առաջարկվի ընտրություններին մասնակցել Հանրապետականի համամասնական ցուցակով»։ Պատասխան․ - «Խնդիր չեմ տեսնում, որովհետեւ, այո, վերջին տարիների ընթացքում մեր եւ ՀՀԿ-ի միջեւ ձեւավորվել են գործընկերային եւ գործնական հարաբերություններ, եղել է արդյունավետ համագործակցություն տարբեր միջոցառումների շրջանակում եւ հանրային կյանքի բարեփոխմանն ուղղված տարբեր խնդիրների վերաբերյալ։ Այս առումով, իհարկե, չեմ բացառում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում այդ համագործակցությունը կարող է առարկայական դրսեւորումներ ունենալ։ Սա համարեք իմ անձնական կարծիքը, որովհետեւ ո՛չ կուսակցության ներսում, ո՛չ էլ, իհարկե, Հանրապետականի մեր գործընկերների հետ այդ խնդիրը չի քննարկվել»։

«Առավոտը» զրուցել է դաշնակցական պատգամավոր Արտյուշ Շահբազյանի հետ։ Լրագրողը հարցնում է․ - «Ինչո՞ւ մյուս ընդդիմադիր ուժերը բավականաչափ ակտիվ չեն»։ Պատասխան․ - «Մի մտայնություն կա, որ այս երկիրը սկսեց փոխվել հանրահավաքներով, եւ մի ընդհանուր սխալ պատկերացում կա, որ եթե կա հանրահավաք, եթե կա փողոցի աղմուկ, ուրեմն կա քաղաքական պրոցես, եւ եթե դա չկա, չկա նաեւ քաղաքական պրոցես։ Իրենք դրան սովոր են, որովհետեւ իրենցը ընդհանրապես հրապարակային գործունեություն է, բայց հո միայն դրանով չէ։ Չկա՞ն ներքին գործընթացներ, իհարկե՝ կան, կարծես թե բոլորը քայլ-քայլ նախապատրաստվում են ընտրությունների, նոր ուժեր են մեջտեղ գալիս, նոր համախմբումների նշաններ են երեւում, հայտնի չի, ի վերջո, ի՞նչ ֆորմատով կոալիցիոն ուժերը կմասնակցեն ընտրություններին։ Կարելի է ասել, որ շատ դեպքերում դեռ չկան վերջնական հստակեցումներ, բայց հիմա, այս պարագայում ասել, թե պրոցես չկա, ճիշտ չի լինի»։

«Ժամանակ»-ը Վարդգես Գասպարիի ձերբակալության մասին գրում է. - «Այսպիսով, Գասպարին, այսպես ասած, երկխոսությունից հետո Հայ ազգային կոնգրեսի երկրորդ ակտիվիստն է, որ ձերբակալված է։ Սակայն Գասպարիի ձերբակալությունը մեկ այլ բանով էլ հատկանշական է։ Բանն այն է, որ նա ձերբակալվում է Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների ակցիայից հետո։ Այսինքն` Կոնգրեսի ակտիվիստի ձերբակալությունը ինչ-որ առումով կարելի է նաեւ իշխանության արձագանքը, պատասխանը համարել այդ շուրջօրյա ակցիային։ Այսինքն` իշխանությունը, փաստորեն, ուզում է ասել, որ շուրջօրյա հանրահավաքները չեն վախեցրել իրեն, եւ չնայած սպառնալիքին, որ անհրաժեշտության դեպքում Կոնգրեսը կրկին կդիմի այդ ակցիային, իշխանությունը չի վախենում կոշտ քայլեր անելուց եւ առիթն օգտագործում է Կոնգրեսի ակտիվիստին ձերբակալելու համար»։

Your browser doesn’t support HTML5

Հոկտեմբերի 21-ի մամուլ